Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայողի ընտանիքին

ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող  Երևան քաղաքի Քանաքեռ 14 փողոցի 42 շենքի մեկ սենյականոց թիվ 22 բնակարանը կնվիրաբերվի Երևանի համայնքին՝ ծառայողական պարտակա­նությունները կատարելիս զոհված զինծառայող Հրանտ Խաչատուրի Մանգասարյանի մոր` Նունե Սողոմոնի Հակոբյանի անօթևան ընտանիքին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու պայմանով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 22-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, զոհված զինծառայող, շարքային Հ. Մանգասարյանի մայրը` Ն. Հակոբյանն իր երկու երեխաների հետ միասին բնակվում է Երևան քաղաքում` վարձակալական հիմունքներով:

Վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարան ներկայացված դիմումի հիման վրա բնակարանային հաշվառման ընդգրկելու հարցը քննարկվել է Երևանի քաղաքապետարանի բնակարանային հարցերի հանձնաժողովի 2018թ. հունվարի 24-ին կայացած նիստում, ինչի արդյունքում հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի պահանջները` զոհված զինծառայող Հ. Մանգասարյանի մոր` Նունե Հակոբյանի բնակարանային հաշվառման ընդգրկելու վերաբերյալ ներկայացված դիմումը մերժել է` վերջին 10 տարիների ընթացքում Երևան համայնքում հաշվառում չունենալու հիմքով՝ միաժամանակ տեղեկացնելով, որ բնակարանային հաշվառման ընդգրկելու հարցը հնարավոր կլինի քննարկել 2021թ. հուլիսի 28-ից հետո:

Նշված հանգամանքի պարագայում զոհվածի ընտանիքը հայտնվում է սոցիալական էլ ավելի անբարենպաստ պայմաններում, քանի որ իր երկու երեխաների հետ միասին ստիպված է լինում շարունակել բնակվել վարձակալությամբ:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ