Տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի նախկին պաշտոնյաներին Ռուսաստանից չհանձնելու գործընթացը կարող է նախադեպ լինել: Եվ հետագայում էլ հետախուզվողները կարող են ապաստան փնտրել Ռուսաստանում: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՌԴ գլխավոր դատախազության որոշմանը, ըստ որի՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը չի հանձնվի Հայաստանին:
«Նկատելի է, որ ովքեր վճարում են կամ ովքեր համարվում են Ռուսաստանի մարդը նախկին իշխանությունների մեջ, կարող են որևէ տարբերակով աղերսել և հայտնվել Ռուսաստանի պաշտպանության ներքո»,- ասում է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ գլխավոր դատախազությունը Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:
Ավելի վաղ ռուսական կողմը մերժել էր Հայաստանին հանձնել Մարտի մեկի գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին:
«Սա բացարձակ բարեկամական ժեստ չէ, որովհետև Միհրան Պողոսյանը չի հետապնդվում իր քաղաքական հայացքերի համար, ներկայում քաղաքական գործիչ չէ: Եվ Ռուսաստանը բառացիորեն սատարում է հանցագործին, իր թևերը փռում է հանցագործների վրա: Սա նշանակում է, որ մենք խնդիր ենք ունենալու նաև հետագայում, որովհետև Մարտի մեկի կամ որևէ այլ գործի շրջանակներում մարդիկ արդեն գիտեն, թե ուր են փախչելու»,- նշեց Սաֆարյանը:
Ըստ նրա՝ այնպես չէ, որ Ռուսաստանն այդ քայլին գնում է Միհրան Պողոսյանի գեղեցիկ աչքերի համար: «Կարծում եմ՝ դա լավ վճարվում է: Եվ այս պարագայում նկատելի է, որ մի քանի հետախուզվող արդեն գտնվում են Ռուսաստանում, և այդ երկիրն ակնհայտորեն հանցագործության մեջ մեղադրվողներին պաշտպանում է: Թե ինչու, դա արդեն այլ հարց է: Միգուցե նրանք իր մարդիկ են եղել իշխանության մեջ, միգուցե իսկապես նրանք լավ վճարում են, որպեսզի ՌԴ կոռումպացված չինովնիկները նրանց չարտահանձնեն»,- հավելեց նա:
Ըստ Սաֆարյանի՝ այնպես չէ, որ սրանից Հայաստանը տուժում է, ընդամենը արգելակվում է արդարադատության իրականացումը: Բայց այս իրավիճակի համար ելքեր կգտնվեն, ի վերջո, ըստ քաղաքագետի, Միհրան Պողոսյանն այստեղ գույք ունի, ամբողջությամբ պաշտպանված չեն նրանք: Ըստ նրա՝ սա ամոթալի է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների համար:
«Այստեղ Հայաստանի իշխանություններն ամաչելու բան չունեն: Ճիշտ հակառակը, Ռուսաստանի իշխանությունները պիտի ամաչեն, որ ինչքան հանցագործ կա, տեր են կանգնում՝ սկսած Յանուկովիչից, վերջացրած մյուս հետախուզվողներով: Սա անպատվաբեր է հենց Ռուսաստանի համար»,- ասաց նա:
Քաղաքագետը նկատում է, որ Մհրան Պողոսյանին չհանձնելու հարցում Ռուսաստանի բերած իրավական հիմնավորումները տեղին չեն: Սա բացարձակ իրավական գործընթաց չէ, որովհետև Հայաստանը Ռուսաստանի հետ բազում պայմանագրեր է ստորագրել, այդ թվում՝ իրավական փոխօգնության: «Եվ պետք է խոստովանել, որ Ռուսաստանն ուղղակի դեմ է գործում իր ստորագրած պայմանագրերի տառին և ոգուն: Սրանով Ռուսաստանը խոչընդոտում է իրավական երկրի ներքին արդարադատության իրականացման հարցերին»,- նշում է Սաֆարանը:
Քաղաքագետի խոսքով՝ հայկական կողմի անելիքը նման դեպքերում հետևյալը պետք է լինի: Այդ գործերը չեն կարող փակվել, պետք է հայտարարել միջազգային հետախուզում:
«Միհրան Պողոսյանն ըստ էության սահմանափակված է լինելու միայն Ռուսաստանի ներսում տեղաշարժվելով, իսկ մնացած երկրների հետ, կարծում եմ, մենք այդ խնդիրը չենք ունենա»,- հավելեց նա:
Նյութի աղբյուր՝Lragir