Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց է ներկայացրել Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Քաղաքապետը պահանջում է Աղեկյանին պարտավորեցնել պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում եւ հերքում:
Հայցադիմումը ներկայացվել է օգոստոսի 15-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթեւիկ Ստեփանյանին:
Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեր զրույցում ասաց, որ հայցը կապված է զրպարտության հետ:
Նշենք, որ օգոստոսի 9-ին Աղեկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել: Չի բացառվում, որ քաղաքապետը հենց այս հայտարարությունն է համարել որպես զրպարտություն:
Վերջին շրջանում «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը, որը նախկինում Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունից էր, ակտիվ քննադատության է ենթարկում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, սակայն այդ քննադատություններում նա չի խուսափում կոշտ ձեւակերպումներից ու վիրավորական արտահայտություններից։
Օրերս էլ Աղեկյանը Էրեբունի վարչական շրջանի աղբամանների մոտից ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմեց Հայկ Մարությանին՝ ասելով․ «Պարո՛ն պարտադրված քաղաքապետ, կներեք, որ ձեզ դիմեցի, դուք անզոր եք եւ անմեղսունակ, պարոն վարչապետ, դուք մեզ պարտադրեցիք մի քաղաքապետ, որը ասում էր, որ կանաչապատելու է, ուզում եմ հասկանամ` որտեղ եք կանաչապատել, դա թաքուն պահված տեղ էր, որովհետեւ չեմ տեսնում կանաչապատ տարածքներ Երեւանում»,-ասաց նա:
Օգոստոսի 16-ին էլ Աղեկյանը քաղաքապետարանի դիմաց հայտատարեց, որ եթե Աղյուսագործների փողոցի շենքերի տարածքի գարշահոտը չմաքրվի, երկուշաբթի ինքը դույլերով կեղտաջուր կտանի ու կլցնի քաղաքապետարանում։ Նախօրեին Աղեկյանը դույլով կեղտաջուրը թողել է քաղաքապետարանի մոտ եւ հավելել, որ երեկոյան կրկին Աղյուսագործների փողոց են այցելելու՝ ստուգելու՝ արդոք քաղաքապետը կատարել է իր խոստումը։