Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքից օգոստոսի 18-ին՝ 10 քաղաքացի, որից 5-ը երեխաներ` աղիքային վարակներին բնորոշ գանգատներով հոսպիտալացվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք։ Վերջիններիս մոտ դիտվել է լուծ, փսխում, ջերմություն։ Այդ մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորն օգոստոսի 17-ին մասնակցել են տանը կազմակերպված խնջույքի` ուտելով թթվասերով և մայոնեզով համեմված հավի կրծքամսով աղցան, խոզի, հավի խորոված և տնային պայմաններում պատրաստված կրեմով թխվածք։
Հոսպիտալացված հիվանդների կենսանմուշները և սննդի մնացորդների նմուշները տեղափոխվել են Երևան՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով: Հիվանդների մոտ հայտնաբերվել է սալմոնելայի, ինչպես նաև ադենովիրուսի և նորովիրուսի ԴՆԹ: Հիվանդների վիճակը ներկայումս բավարար է, ունեն դրական շարժընթաց։ Աշխատանքները շարունակվում են. լաբորատոր հետազտությունների արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Նյութի աղբյուր՝ NEWS.am