Թուրքիայում հայտնաբերել են հայ Աբգար V արքայի ընտանեկան գերեզմանոցը

Թուրքական Սանլիուրֆա քաղաքում հայտնաբերվել է հայ Աբգար V արքայի ընտանիքի գերեզմանոցը։ Ուրֆայի ամրոցում՝ ներկայիս Սանլիուրֆայում, հնագիտական պեղումներ կատարելու ժամանակ հնէաբանները հայտնաբերել են շուրջ 80 վաղ քրիստոնեական գերեզմաններ, որոնց թվում է եղել Աբգար V արքայի ընտանիքի յուրօրինակ գերեզմանոցը։

Գիտնականները գտել են նաև սալիկ, որի վրա ասորորեն գրություն է եղել. «Մեծ արքա Աբգար Ուկամա Մաննու, Եդեսիայի առաջին քրիստոնյա կառավարիչը»։

Դրանում թաղված են եղել արքայական ընտանիքի 10 անդամները։

Մովսես Խորենացին գրում է, որ Աբգար V-ը, «լսելով Փրկչի սքանչելագործությունների համբավը և հավատալով, որ դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու», իր բանբերների միջոցով նամակ-խնդրագիր է ուղարկում Երուսաղեմ՝ Փրկչին, որպեսզի նա գա և բժշկի իրեն, որովհետև նրա մարմինն ապականված էր բորոտությամբ։

Աբգարը արժանանում է Փրկչի պատասխանին, որտեղ ասվում է, որ Փրկիչը կուղարկի իր աշակերտներից մեկին, որը կգա, «կբժշկի և կյանք կշնորհի քեզ և քեզ հետ եղողներին»։

Փրկչի համբարձվելուց հետո Թովմաս առաքյալը Եդեսիա է ուղարկում Թադեոս առաքյալին, ով բուժում է Աբգարինու քաղաքի մյուս հիվանդներին, քարոզում Ավետարանը և Եդեսիայի եպիսկոպոս կարգում Ադդե անունով մետաքսագործին, ապա մեկնում, ըստ Խորենացու, Աբգարի քեռորդու՝ հայոց Սանատրուկ թագավորի արքունիք։

Աբգարը դարձի գալով նամակներ է հղում Հռոմի Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ թագավորին, Պարսից Արտաշիր թագավորին, «որպեսզի նրանք ևս ընդունեն Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստծո Որդու և Փրկչի»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ