Տիկին Ջոնսոնը ամսական 120 դոլարով մեծացնում է երկու դուստրերին, զարմուհիներին և երկու թոռներին, որոնք 1-3 տարեկան են։ Սակայն նախորդ շաբաթ նրան թալանել են, և ընտանիքը հայտնվել է սովի եզրին։ Երկու օր հաց չուտելուց հետո կինը որոշել է գնալ տեղի սուպերմարկետ՝ ձու գնելու։
Սակայն գումարը չի բավականացրել և 5 ձու նա դրել է իր գրպանում, որից անմիջապես հետո բռնվել է։ «Ես այնքան էլ լավ գող չեմ», — ասել է տիկին Ջոնսոնը։
Խանութի աշխատակիցները կանգնեցրել են նրան, երբ տեսել են, որ նրա գրպաններից ծորում են սպիտակուցն ու դեղնուցը։ Դժբախտ կինը տեղում ընդունել է մեղքը։ Աշխատակիցները ոստիկանություն են դիմել, և երբ ժամանել է ոստիկան Ուիլյամը և լսել է կնոջ պատմությունը՝ որոշել է չձերբակալել նրան։
Ուիլյամը նրան մեկ տուփ ձու է գնել, և երբ Ջոնսոնը հարցրել է, թե ինչպես կարող է վճարել դրա դիմաց, ոստիկանը պարզապես խնդրել է այլևս երբեք գողություն չանել խանութներից։ Հեռանալուց առաջ ոստիկանը գրկել է կնոջը, ինչն այդ պահին բջջային հեռախոսի տեսախցիկով ֆիքսել է Ռոբերտ Տրիպը, ով էլ լուսանկորը տեղադրել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Հաջորդ օրը Ուիլյամն ու իր գործընկերներն այցելել են կնոջ տուն և երկու ավտոմեքենայով ուտելիք բերել նրան ու ընտանիքին։ «Վերջին անգամ, երբ ես այսքան ուտելիք եմ տեսել, 12 տարեկան էի և ապրում էի տատիկիս հետ», — ասել է տիկին Ջոնսոնը՝ արցունքն աչքերին։
Ոստիկանության հրամանատար Ուիլյամն ասել է, որ նրան զանգահարել են Միացյալ Նահանգների բոլոր անկյուններից և աշխարհի կետերից ու շնորհակալություն հայտնել, ինչպես նաև ցանկություն հայտնել տիկին Ջոնսոնին գումար, ուտելիք ու հագուստ ուղարկելու։