«Պետք է խնդիր դնել, որ 0-6 տարեկան երեխաները նախակրթարան հաճախեն». Փաշինյան

 

Եթե համայնքներում մանկապարտեզներ հաճախող երեխաների թիվն ավելանա, ապա կլուծվի ոչ միայն կրթական, այլև տնտեսական խնդիր: Այս հարցն են ուղիղ եթերում քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նախարար Արայիկ Հարությունյանը: Նրանք քննարկել են նախադպրոցական կրթությունը պարտադիր դարձնելու հարցը, վարչապետն ասել է.

«Ինչպես մենք խնդիր ունենք, որ 6 տարեկանից բարձր պետք է հաճախեն դպրոց, այնպես էլ խնդիր դնել, որ 0-6 տարեկան երեխաները պետք է նախակրթարան հաճախեն»:

Արայիկ Հարությունյանը խոսել է մանկապարտեզների մասնավորեցման հարցի մասին.

«Այս տարիների ընթացքում բազմաթիվ մանկապարտեզներ մասնավորեցվել են կամ տրվել այլ տնտեսվարող սուբյեկտների շահագործման, հիմա այդ պայմանագրերը Երևանում վերանայվում են և հետ են վերցվում»:

Վարչապետը պարզաբանել է, որ այդ կապակցությամբ քրեական գործեր կան հարուցված, համոզմունք է հայտնել, որ  մանկապարտեզային տարածքները կվերադարձվեն համայնքներին:

Հարությունյանը նշել է, որ առաջարկում են նույնիսկ գյուղապետարանում երկու սենյակ հատկացնելու մոդելը:

«Դպրոց հասկացությունը պետք է ընդլայնել, նախակրթարանն էլ է դպրոց»,- ասել է Փաշինյանը:

Իսկ նախարարը ներկայացրել է իրենց մոտեցումը:

«Սա գլոբալ խնդիր է, հատկապես փոքր համայնքներում դպրոցը դառնում է կենտրոն, չեմ ուզում առաջ ընկնել, ծրագրերը շատ են, բայց մեր նպատակն է, որ կրթական այս հաստատությունները ոչ միայն մինչև 18 տարեկաններին ծառայություն մատուցեն, այլև ավելի մեծերին, որովհետև արձանագրում ենք, որ լեզվի, համակարգչային գիտելիքների հետ կապված խնդիրներ կան»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

Նրանք զրուցել են նաև դպրոցական սննդի թեմայի շուրջ:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ