Հասարակությունը, չնայած իրենց թափած բոլոր ջանքերին ու փողերին, քվեարկությամբ 90 եւ ավելի տոկոս ձայներով դեռ 2008-ին «ՄԵՐԺԵԼ Է ՍԵՐԺԻՆ»

Մարտի 1-ի գործի շրջանակներում երկու գեներալների հայտնի ցուցմունքներին` Ղարաբաղից շուրջ 700 «համահավաք» սպառազինված (այդ թվում՝ դիպուկահարներով) զորք բելելու եւ այն շուրջ երկու ամիս Երեւանում պահելու փաստին նայենք մեկ այլ դիտանկյունից։

Մի կողմ թողնենք, որ կառավարական շենքերը պաշտպանելու համար սպառազեն զորք, առավել եւս՝ դիպուկահարներ պետք չէին։ Մի կողմ թողնենք, որ բացարձակապես խաղաղ հանրահավաքներն առհասարակ նման անհրաժեշտություն չէին թելադրում։

Մի կողմ թողնենք նաեւ այն հանգամանքը, որ թե՛ Ռ. Քոչարյանը, թե՛ Ս. Սարգսյանը, շատ լավ ճանաչելով Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ տեսնելով նրա բացարձակ ազդեցությունը ցուցարարների վրա, այսինքն՝ հանրահավաքների կառավարելիությունը, համոզված պիտի լինեին, որ «կառավարական շենքերին» որեւէ վտանգ չէր սպառնալու։

Եւ այնուամենայնիվ, այդ զորքը բերվել է, բերված այդ զորքը մնացել է Երեւանում մինչեւ ապրիլ եւ պաշտպանել է կառավարական շենքերը։

Միայն Երեւանում իրավապահ մարմինների (ոստիկանություն, ներքին զորքեր, ռազմական ոստիկանություն,Ազգային անվտանգություն) ոչ թե 700, այլ 7000 եւ ավելի աշխատակիցներ կարող էին «կառավարական շենքերը» պաշտպանելու այդ գործն անել։ Այսինքն՝ խնդիրն ակնհայտորեն այն չէ, որ 700 հոգի պակասել է, եւ այն ներգրավվել է Ղարաբաղի ՊԲ-ից։

Բայց նաեւ խնդիրը միայն այն չէ, որ «տեղացիները» չէին անի այն բարբարոսությունը, որ արվեց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում, եւ նույն օրը երեկոյան չէին գնդակահարի խաղաղ ցուցարարներին։ Եթե միայն դա լիներ խնդիրը, Ղարաբաղից եկած այս 700 հոգին Երեւանում չէր մնա մինչեւ ապրիլի կեսերը։

Ինչո՞ւ են 2008թ. նախագահական ընտրություններից հետո այդչափ վախեցած, սարսափած եղել Ռ. Քոչարյանն ու Ս. Սարգսյանը, որ ոչ միայն արդեն բողոքի խաղաղ հանրահավաքների առաջին օրերին Ղարաբաղից բերել են 700 հոգանոց այդ զորքը, այլ նաեւ ամեն ինչ «խաղաղվելուց» հետո անգամ դրանց պահել են Երեւանում՝ պաշտպանելու համար «կառավարական շենքերը»։

Այդ աստճանի վախի ու սարսափի բացատությունը, կարծում ենք, պետք է փնտրել այն ՃՇԳՐԻՏ ինֆորմացիայի մեջ, որը հասու է եղել նրանց ընտրությունների իրական արդյունքների մասին. Լեւոն Տեր-Պետրոսյանը 21% չէր հավաքել իրականում, ինչպես հայտարարվեց պաշտոնապես, ոչ էլ շուրջ 35%, ինչպես ԱՄՆ դեսպանը գաղտնի զեկուցագրով հաղորդում է իր կառավարությանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած իրական ձայների մասին (մինչեւ առնվազն 65%) կարելի էր ենթադրել մի քանի փաստերով. ա) այն 2-3 տեղամասերի վերահաշվարկից, որ հաջողվեց անել, բ) հանձնաժողովներում աշխատած տասնյակ մարդկանց հաղորդած բանավոր տեղեկատվությունից, գ) մի քանի տեղամասերի արդյունքներից, որոնցում հնարավոր չէր եղել կեղծիքներ իրականացնել։ Միջնորդավորված՝ դրա վկայությունն է նաեւ ծավալված այն Համաժողովրդական շարժումը, որն իր մասշտաբներով ու ծավալով հասավ 1988-ի Ղարաբաղյան շարժման թափին, իսկ տեւականությամբ կրկնակի գերազանցեց դրան։

Այսինքն, իշխանությանը հայտնի է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած ձայների այնպիսի մի իրական թիվ, որին գումարելով մեկ այլ թեկնածուի ստացած 15-16% ձայները՝ հասկացել են, որ հայաստանյան հասարակությունը, չնայած իրենց թափած բոլոր ջանքերին ու փողերին, քվեարկությամբ 90 եւ ավելի տոկոս ձայներով արդեն այն ժամանակ «ՄԵՐԺԵԼ Է ՍԵՐԺԻՆ», եւ ոչ միայն նրան, այլեւ ողջ համակարգը։ Եւ համարելով, որ հայաստանյան ոստիկանությունը, ներքին զորքերը, ռազմական ոստիկանությունը, Ազգային անվտանգությունը նույն այդ հասարակության մաս են, նրանց չեն վստահել ոչ միայն ուժով խաղաղ ցուցարարներին Մարտի 1-ի առավոտյան ցրելը, ոչ միայն «անհրաժեշտության» դեպքում նրանց դեմ հրազեն օգտագործելը, այլ նույնիսկ «կառավարական շենքերի» պաշտպանությունը։

Նյութի աղբյուր՝ ILur.am

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ