Մարալիկի տարածաշրջանում մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք հարուցվե՞լ է քրեական գործ:
«ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի կործանման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 378-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»:
Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 378-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կամ շահագործման այլ կանոնները խախտելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի մարդու մահ:
Ս.թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին Գյումրիի օդանավակայանից:
Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կորած ինքնաթիռում 2 հոգի է եղել:
«Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը: Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: