Եթե Շարմազանովը վարչապետի մասին խոսելիս շարունակի իր այդ ոճը, անձամբ ինձնից կստանա պատասխան: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Էդուարդ Շարմազանովի հայտարարություններին:
Հիշեցնենք, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար է սկսել ձերբակալությունների հերթական սերիան:
«Ես Էդուարդ Շարմազանովին ուզում եմ ընդամենը մեկ բան հորդորել, որ կոռեկտ մնա: Եթե ինքը շարունակի նույն ոճով, անցնի կոռեկտության սահմանները, համապատասխան պատասխան կստանա անձամբ ինձնից»,- ասաց նա:
Պատգամավորից հետաքրքրվեցինք` ի՞նչ պատասխանի մասին է խոսքը, նա ասաց. «Համապատասխան պատասխան իր ոճաբանությանը: Ես իրեն կոչ եմ անում կոռեկտ մնալ եւ ոճը փոխել ՀՀ վարչապետի մասին խոսելիս»: Լրագրողի հարցին` սա սպառնալի՞ք է Ձեր կողմից Էդուարդ Շարմազանովի հասցեին, նա ասաց` չգիտի, ուղղակի հորդորում է: