Շակալների խրախճանքը….Չի լինում հայ մտավորական եւ չինացի մտավորական։ Կամ մտավորական են, կամ չինացի եւ հայ։

Շակալների խրախճանքը

Երեւի չարժեր չնչին զավզակությանը անդրադառնալով՝ սկսել այս խոսքը, եթե այդ՝ գյադայի, տեսակը դարձած չլիներ մեր ժամանակի «հերոսը»֊պատգամավորը, մինիստրը, իդեոլոգը… չգիտես ինչի։

Կարելի էր նաեւ արհամարհել։ Տգետին արհամարհելը, գիտենք, մտավորական մարդուն սազական զբաղմունք է, մի պայմանով, սակայն, որ քեզ մտավորական են համարում, ոչ թե փալաս։ Եւ, որ առավել կարեւոր է, նա, ում հասցեագրված է արհամարհանքդ, առնվազն պիտի իմանա, թե ինչ ասել է՝ մտավորական։ Այլապես կստացվի, որ արհամարհել ես, ասենք, 4 համարի տրոլեյբուսին։

Ոչ թե այն իմաստով, որ արհամարհել֊տաքսի ես նստել, այլ կողքովդ անցնելիս պարզապես արհամարհել ես … Տաք է, շարժվում է, ապրում է 60 տարի, այդպես մետաղի ջարդոն կդառնա ու կմտնի ձուլարան, չիմանալով, որ իրեն արհամարհել են։ Այնպիսի ժամանակներում, երբ միլիցիայի պաշտոնաթող թաղայինները դառնում են օրենսդիր, իսկ «վետերոկի» վարիչները՝ մինիստր, դժվար թե նրանցից թեթեւակի զզվելու՝ մեր դեմքի արտահայտությունը գնահատվի որպես էսթետի դիրքորոշում։

Վախենամ թե՝ դա ավելի շուտ համարեն գոմիկի երկիմաստ ծամածռություն։ Եւ ոնց որ թե իրավունք ունեն խառնելու, որովհետեւ մենք էն գլխից ենք խառնել հասկացողությունները եւ, օրինակ, մտավորական ենք համարում նաեւ մեկին, որը ռուսերեն թերթ է խմբագրում եւ թերթում վերնագիր է դնում, թե՝ «Թուրքերը մոբայլով խոսում էին կովի հետ»։ Ըմբռնում եք, չէ՞, «Ազգային֊ազատագրական» ենթատեքստը՝ կովը խոսում է կովի հետ։

Դե որ մենք սրան մտավորական ենք համարում, նա ինքն էլ է անկեղծորեն իրեն այդպիսին համարում, գուցե կինն ու հարեւաններն էլ են համարում, որովհետեւ փողկապ է կապում, առավոտները հարեւաններին բարեւում է՝ քթի տակ մռթմռթալով, ոչ թե ուսները թփթփացնելով (ուրիշ բան, որ գուցե դա չի անում վախից), կնոջը չի ծեծում եւ սեփական երեխաներին մեր չի հայհոյում բաց պատշգամբում …

Եվ իզուր եք կարծում, որ նա կովի, հեռախոսի ու թուրքի մասին գրածը սրամիտ ժուռնալիստական հնարք է համարում։ Ամենեւին։ Նա դա դիտում է որպես Հայ Դատի հանդեպ իր որդիական պարտքի մատուցում։ Եւ չես կարող համոզել, որ «դիշովկից» Հայ Դատը շահել չի կարող, եւ առհասարակ, որեւէ գաղափար դրանից չի շահում։ Եւ չես կարող հասկացնել, որ, առհասարակ, չի լինում ինտելիգենտությունը՝ առանձին, մուռ քշելը՝ առանձին, ճաշակը՝ առանձին, ազգասիրությունը՝ առանձին, առաքինությունը՝ առանձին, արհեստը՝ առանձին։ Չի լինում, ու՝ վերջ։ Չի լինում հայ մտավորական եւ չինացի մտավորական։ Կամ մտավորական են, կամ չինացի եւ հայ։

Եթե մեկնումեկը պատերազմի դաշտից շատ հեռու ու տաք մի տեղ խոսում է զենք վերցնելու մասին, բարբաջում է ավտոմատը ձեռքին ՀՀՇ֊ի վերադառնալու դեմը առնելու մասին, հասարակության մեջ պետք է գտնվի սրամիտ մեկը, որ հանկարծ «փը´շտ» անի, որպեսզի կողքինները պահը վայելեն։ Եթե մեկը նրանցից, ովքեր նախկինում իրենց «սպասարկած տարածքում» կաշառք էին վերցնում՝ անգամ մի բանկա ղաուրմայով եւ սուջուխի երկու շարանի տեսքով, ահա այդ մեկին չի կարելի հիմարաբար «չեկիստ» ասել՝ իբր բացասական իմաստով, որովհետեւ սովետական միլիցիոներին չեկիստ ասելը նույն պարգեւն է, ինչ կայարանի համբալին 1 դոլարի փոխարեն 100 դոլար տալը։

Չի կարելի նմանին կշտամբել (ինչպես իմ գրչակից ընկերներն են անում), թե՝ արի քարը փեշիցդ թափ տուր, որովհետեւ օրենսդիր լինելով՝ վայել չէ զենքից֊բանից խոսել։ Չի կարելի կշտամբել, որովհետեւ, եթե նրա նմանը օրենսդիր է դարձել, նշանակում է դրանից առաջ երկրում այնպիսի մի ազգային աղետ է տեղի ունեցել, որ հիմա օրենքից խոսելը նույնն է, թե քաղաքը ավերած երկրաշարժի հաջորդ օրը կշտամբես քաղաքացիներին, որ փողոցը անցման տեղերով չեն անցնում։ Կամ՝ նեղանաս քաղաքապետարանից, որ մյուս առավոտ զիբիլը ժամանակին չի տարել, երբ ողջ քաղաքն է դարձել աղբակույտ։

Հիմա գյադաների ժամանակն է։ Եւ մի կարճ ժամանակ էլ դեռ այդպես կլինի։ Եւ այդպիսի ժամանակներում, երբ հերոսները բանտում են կամ հողի տակ, երբ դեռ խրամատները Ազգային ժողովի շենքից հեռու են հարյուրավոր կիլոմետրերով, գյադաները, այսպես, պիտի կամուֆլյաժե բիկինի հագնեն ու պուտանկի «խրոխտ» մարշով գնա՜ ն֊գան իշխանության միջանցքներում։ Գնան ու գան։ Գնան ու գան… Մի բանում, սակայն, կարելի է վստահ լինել․ այն տարիներին «ազգային թրաշ» պահած հանցագործների ավտոմատների շրխկոց֊չրխկոցը սրանց նմաններին այն աստիճանի սարսափի է մատնել, որ նրանք այլեւս երբեք ավտոմատ ասած բանին մոտ չեն գնա, ինչ մնաց թե ինչ֊որ մեկի դեմը առնեն, այն էլ՝ պատերազմի բովով անցած ՀՀՇ֊ի։ Այնինչ, նույնիսկ զգոնությունը չկորցրած «Առավոտը» այդ առթիվ ամոթխած թոթվում է, թե՝ եթե իշխանությունը մինչեւ հիմա ՀՀՇ֊ի վերադարձով է վախեցնում մարդկանց, ուրեմն նախկինները խնդիր ունեն հասարակության հետ …

Ներողություն, որ ընդհատում եմ մտքիդ սլացքը․ իսկ Կարեն Դեմիրճյա՞նն ինչ խնդիր ուներ հասարակության հետ, որ մարդուն ոչնչացնելուց հետո հիմա էլ հիշատակն են ոչնչացնել փորձում՝ գրեթե հաջողությամբ։ Նույն այդ հասարակությունը, որ բոլորովին վերջերս պաշտում էր երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանին, արդեն սկսել է ծամծմել այդ չարաբաստիկ 300 դոլարի պատմությունը, որը վիժվածքները հեռատեսորեն հանած են եղել դիակի շորի գրպանից (բայց ասում են՝ շփոթված էին)։ Դեմիրճյանը չէ՞ որ բացարձակապես խնդիր չուներ հասարակության հետ, բայց պարզվեց, որ ամեն ինչ կախված է (համենայն դեպս, ժամանակի որոշակի հատվածում) զրպարտության պետական մեքենայի թափից։ 20 տարի առաջ այդ նույն ժողովրդի գլխում եթե Դեմիրճյան անունը փողի հետ կապող մի միտք անգամ ծագեր, ապա դա կլիներ զուտ հետաքրքրասիրություն՝ արդյո՞ք առաջին քարտուղարը գոնե ձեւի համար գրպանում փող պահում է։ Ոչ թե՝ ինչքան ու որտեղից։ Ափսոս է այդ մարդու հիշատակը։

Եւ այդ հիշատակը այդպես ոխակալորեն, այդպես հրապարակայնորեն անամոթաբար տրորելու մթնոլորտում, պատկերացրեք, չգտնվեց մեկը, որը վեր կենար ասեր․ «Լսեք, ա´յ թուրք ու քուրդ բեգերին՝ խոնարհ, բայց սեփական իշխանների գլխակեր ճորտի զավակներ, դու´ք ձեր հայրերի այդ ո՞ր արժանիքի իրավունքով եք իշխան մարդու անունը հոլովում։ Մի՞թե պարտադիր էր, ասեր, ա´յ տիրադավ անտերներ, որ ընդամենը 2 տարում խփեիք մուխաննաթության բոլոր ռեկորդները աշխարհի ժողովուրդների շարքում՝ սկսած երկրի դատախազին իր աշխատասենյակում սպանելուց, վերջացրած Պառլամենտի սպանդով… Հիմա էլ, ահա, հանգուցյալների գրպանների խուզարկումն ու դրա քննարկումը հրապարակայնորեն…

Ա՜ յ չտեսի ծոռներ ու չունեւորի թոռներ, այ համբալի համբալ զավակներ, բա եթե Դեմիրճյանի նման տղամարդու գրպանում էլ 300 դոլար փող չպիտի լիներ, հապա ու՞մ գրպանում պիտի լիներ։ Կիմ Բալայանի՞։ Դե, պատկերները մտովի իրար կողք դրեք։ Կուզեք՝ ավելացրեք իշխող կոչվող կուսակցության Մարգարյանի պատկերն էլ ու… սարսափեք Հայաստանի ապագայից…

Չէ՞ որ, եթե Հայաստանում միայն մեկ տղամարդու վերապահված լիներ գրպանում 300 չէ, 30 հազար ունենալու, իսկ ուրիշներին՝ ծխախոտի փողից բացի՝ ոչ մի բան,֊ այդ մարդը պիտի լիներ Կարեն Դեմիրճյանը։ Իր դիրքով, իր վաստակով, իր երեվելի տեսքով՝ վերջին հաշվով… Բայց շակալներից ոչ մեկը այդ բանը չի ասի վախից, թե օրերից մի օր Ազգային Ժողովի դահլիճում կսկսեն իրենց բոլորի գրպանները ստուգել… կենդանի ժամանակ։ Նրանք չեն անի, պարզ է, բայց դրսում է՞լ մարդ չի մնացել Դեմիրճյանի հացը կերած ակադեմիկոսներից։ Այդ ԽՍՀՄ ժողովրդական արտիստներից֊բանից… Ուրանալը՝ ուրանալ, բայց այսչա՞փ սահմռկելի֊համազգային մասշտաբի։

Նյութի աղբյուր՝ tiv1.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ