Պուտինը եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վայրէջք կատարած А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում է շնորհել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:Մասնավորապես, օդանավի առաջին և երկրորդ օդաչուները ՌԴ հերոսի կոչում են ստացել, իսկ անձնակազմի մնացյալ անդամներն Արիության շքանշանի են արժանացել:

ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ նման պատահարներ հնարավորինս քիչ լինեն: «Կցանկայանի, որ նման բաներ ընդհանրապես տեղի չունենային»,- ասել է Պուտինը:Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու Դամիր Յուսուպովն ասել էր, որ իրեն հերոս չի համարում:

«Շատերն են ասում, որ հերոս եմ, սակայն ես, անկեղծ ասած, ինձ այդպիսին չեմ համարում, որովհետև կատարել են այն, ինչ պետք է անեի՝ փրկեի օդանավը, ուղևորներին, անձնակազմը»,- ասել էր նա: Օդաչուն պատմել է, թե ինչպես է որոշում կայացրել չբացած շասսիով վայրէջք կատարել:

«Մտքերը միայն դրա մասին էին, ինչպես, առաջին հերթին, թույլ չտալ օդանավի անկում, իսկ հետո, երբ արդեն անկումն անխուսափելի էր, ինչպես կարելի էր մեղմ իջեցնել օդանավը»,- հայտնել է Յուսուպովը:

Նրա խոսքով՝ օդ բարձրանալուց 1,5-2 րոպե հետո որոշումը, թե ինչպես վայրէջք կատարել, փոխվել է մի քանի անգամ: Սկզբում, երբ շարքից դուրս է եկել օդանավի ձախ շարժիչը, օդաչուն որոշել է վերադառնալ «Ժուկովսկի» օդանավակայան, սակայն հետո, երբ հզորությունը սկսել է կորցնել նաև աջ շարժիչը, այդ մտքից ստիպված են եղել հրաժարվել:

«Ես մտածում էի ճիշտ հաշվարկել ամենը, սակայն, ինչպես պարզվեց, ժամանակը շատ քիչ էր… Ես որոշեցի չբացել շասսին, որովհետև դա ամենաանվտանգն էր վայրէջքի համար»,- պատմել է Յուսուպովը:

«Կային նաև այլ տարբերակներ, սակայն լավ էր, որ մենք դրանք չձեռնարկեցինք»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը երեկ առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավում եղել են նաև հայեր: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել:

Նյութի աղբյուր՝ ԹԵՐԹ․am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ