Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։
Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։
Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։
Տարածքային կորուստներ
2016 թվականի ապրիլին օդանավում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հա տարածք: Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ հայկական կողմի տարածքային կորուստները կազմում են ավելի քան 2000 հա, ինչպես նաև Ադրբեջանը վերահսկողության ներքո է անցել մարտավարական նշանակության ընդարձակ տարածք:
Մարդկային կորուստներ
Հայկական զինված ուժերի և քաղաքացիական անձանց շրջանում մարդկային կորուստների մասին շրջանառվում են տարբեր թվեր: Հայկական մամուլի որոշ հրապարակումների համաձայն հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդ Համաձայն ադրբեջանական մամուլի հրապարակումների՝ հայկական կողմը զինծառայողների շրջանում ունեցել է 320 զոհ և ավելի քան 500 վիրավոր: