«Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի»․ Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Հերոսների մասին իմ վերջին գրառումից հետո ընկերներս ինձ մեղադրեցին, թե ինչու չեմ խոսում գլխավորից` «հեղափոխությունից», որ տեղի ունեցավ 2018-ի ապրիլին-մայիսին, ինչո՞ւ եղավ և ինչպե՞ս դրան վերաբերվել, ի՞նչ գնահատական տալ։

Կարճ պատասխանս է. հեղափոխությունն օբյեկտիվորեն հասունացել էր, հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը շատ տխուր հետևանքներով: Սրանից կարելի է խուսափել միայն իրական հեղափոխություն իրականացնելով: Այսքանը` եթե շատ կարճ:

Իսկ եթե ավելի հանգամանորեն, ապա հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի էր. դրա համար առկա էին և հասունացել էին բոլոր պատճառները։ Հեղափոխությունը հանրային այն հիվանդության ուղիղ հետևանքն էր, որով մենք վարակված էինք դեռ 90-ականներից։ Որովհետև միայն անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր ունենալ հասարակության այն աստիճան բևեռացում, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը վերածվեն քրոնիկ հիվանդության: Միայն նման անառողջ հարաբերությունների պայմաններում է հնարավոր պարծենալ հայաստանցու տաղանդով, բայց այդպես էլ չգտնել սոցիալական համերաշխության և կապիտալի ու եկամուտների բաշխման այն մոդելը, որը կապահովեր հանրային համերաշխություն և կբացառեր սոցիալական արդարության հողի վրա նախանձի ու ատելության ցանկացած դրսևորում: Միայն խորապես անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր հաղթել պատերազմում, բայց այդ հաղթանակը ընկալել որպես բեռ, հպարտանալ ազգային արժեքներով, բայց հայկականությունը միշտ պահել թիրախում:

Այս ամենը մեկ մարդու և մեկ իշխանության գործունեության հետևանք չէ։ Սա շատ ավելի խորը, համընդհանուր, տևական ու համակարգային ախտանիշ է։ Ու հենց այդ պատճառով, այդ բեռի, կարծրատիպերի, որակների և հանրային շերտերի անհաշտության պարագայում հեղափոխությունը դիտվում էր որպես միակ և վերջին փրկօղակ, ճակատագրի վերջին շանս։ Ու Հայաստանում եղավ «հեղափոխություն»: Ու փոփոխությունն ինքնին այնքան կարևոր էր, որ ոչ ոք չհիշեց փոփոխության բովանդակության մասին:

Ապրիլի 23-ից հետո նոր իշխանությունն ուներ իրական հնարավորություն միավորելու, կերտելու, ստեղծագործելու, իր ստացած աննախադեպ աջակցությունն օգտագործելու ի նպաստ պետականության և ժողովրդի, ի նպաստ վերելքի։ Ուներ բացառիկ ճանապարհ չլինելու անցյալի գերին, զերծ` չգրված պարտավորություններից, բաց` ամեն լավագույնը ներգրավելու, «երազանքի թիմ» ձևավորելու ու աներևակայելի արդյունքների հասնելու համար: Ապրիլի 23-ից հետո թռիչքուղին բաց էր Հայաստանի համար, եղանակը` բարենպաստ:

Ցավոք, ընտրվեց այլ ճանապարհ, այլ ձեռագիր, որն անխուսափելիորեն տարավ արդեն լրիվ այլ` քաղաքական հաշվեհարդարների և վրեժխնդրության դաշտ։ Ու հետո արդեն սկսվեց փակ ցիկլը: Ակնհայտ է, որ որևէ լուրջ պրոֆեսիոնալ չի միանա ու չի կապի իր կյանքը վրեժխնդիր իշխանության հետ` հասկանալով, որ վրեժը վրեժ է ծնում: Իսկ պրոֆեսիոնալների պակասից խեղդվող որևէ իշխանության այլ բան չի մնում, քան գնալ նոր ռեպրեսիաների` իշխանությունը պահելու համար: Ու մենք բաց աչքերով մտանք հենց այս արատավոր շրջանը: Ու այդքան ցանկալի հեղափոխության փոխարեն ստացանք ընդամենը իմաստազուրկ իշխանափոխություն:

Արդյունքում, թե՛ ներքին, թե՛ արտաքին հատվածում 1.5 տարվա ընթացքում չկա հաջողության գեթ մեկ ներկայանալի պատմություն։ Ու չէր էլ կարող լինել. մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա: Իսկ ռեպրեսիաները չեն կարող անվերջ շարունակվել, ավելին, եթե շարունակվեն էլ, մեծամասնությունը դրանց վերաբերվելու է խորը անտարբերությամբ, որովհետև գալիս է պահը, երբ պետք է խոսես շոշափելի՝ առարկայական արդյունքից, ոչ թե հպարտանաս կալանավորված նախկին նախագահների կամ այլ պաշտոնյաների քանակով։

Այս իշխանությունն իրական փոփոխություն անելու փոխարեն ընտրեց չդադարող ներկայությունը սոցիալական ցանցերում, Նոր Հայաստանի փոխարեն` ֆեյսբուքի Հայաստանը, ծրագրային ելույթների փոխարեն՝ ագրեսիվ՝ էմոցիոնալ գոռոցը, հասարակությունը միավորելու փոխարեն՝ բոլորին իրար հետ թշնամացնելը։ Սա չափազանց վտանգավոր է երկրի՝ պետականության համար։ Հնարավոր չէ հասարակությանը տևականորեն պահել բացասական էներգիայի, նյարդային պրոցեսների և ջղային սպասումների մեջ։ Հնարավոր չէ յուրաքանչյուր քիչ թե շատ կշիռ ունեցող գործչի վրա մեկ կիսաբաց քրեական գործ սարքել ու զարգացման դիսկուրս պահանջել հանրությունից։ Հեղինակություն ունեցող մարդկանց «ոչնչացնելը», անարգելը, նրանց հաշվին կայանալն ուժեղի վարքագիծ չէ։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են։ Դեռ հեղափոխությունների պատմության մեծագույն տեսաբանն էր ասում. «Մարդիկ, ովքեր հպարտանում էին, որ հեղափոխություն են արել, միշտ հաջորդ օրը համոզվել են, որ իրականում չգիտեին, թե ինչի են մասնակցել և որ արված հեղափոխությունն ամենևին նման չէ նրան, ինչ ցանկացել են իրականացնել»։

Հաշված ամիսներ անց հասարակությունն արձանագրելու է, որ «հեղափոխությունը» չդարձավ փրկօղակ խնդիրների լուծման համար, իրապես լավ ապրելու համար: Արդեն չի դարձել: Իսկ հասարակության վերջնական հիասթափությունը կարող է դառնալ ավելի մեծ թակարդ՝ հայտնվելու համընդհանուր անտարբերության մեջ և մեկընդմիշտ դադարել երազել։ Նոր հնարավորություն կարող է այլևս չլինել։ Դա է ամենավտանգավորը։

Անցյալի որոգայթից դուրս գալու, բովանդակային՝ հեղափոխական նպատակադրումներ ունենալու, կամք ու վճռականություն դրսևորելու հնարավորություն դեռ ունենք։ Մարդիկ պետք է հավատան, որ չեն սխալվել փոփոխությունների իրենց պահանջում և որ իրենք մեղավոր չեն, որ չդարձան «հեղափոխության» շահառուները ու չեն էլ դառնալու, քանի դեռ բովանդակությամբ ու ապագայի պատկերացումով չի ամբողջացել հեղափոխության նպատակը։ Մարդիկ պիտի հավատան, որ իրավունք ունեն շարունակել երազել: Անպայման պիտի հավատան:

Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է:

Հ.Գ. Այսօր իմ ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը կդառնար 63 տարեկան: Մի առիթով ասված նրա այս խոսքը` «Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի», այսօր առավել քան երբևէ արդիական է։ Խոնարհումս լույս հիշատակին:

Հերոսների մասին իմ վերջին գրառումից հետո ընկերներս ինձ մեղադրեցին, թե ինչու չեմ խոսում գլխավորից` «հեղափոխությունից», որ…

Posted by Mikayel Minasyan on Friday, August 16, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ