Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացության ստացումից հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։
Այս մասին օգոստոսի 14-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։
«Միջազգային փորձագիտական եզրակացության ստացումից հետո, վերլուծելով ձեռք բերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան՝ քրեական գործի վարույթի հետագա շարունակության համար»,- ասաց Իվանյանը։
Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: