Մեծ փոքրիկներ. Յակով Զարգարյանի արտասովոր հավաքածուն

Դաշնակահար, պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ 93-ամյա Յակով Զարգարյանի նկարազարդ հավկիթների հավաքածուում արդեն 1090 ձու կա: Փայտե, ապակե, պողպատե, այլ նյութերից պատրաստված հավկիթների վրա գեղագիտական իր «հետքն» է թողել շուրջ 950 արվեստագետ՝ 45 երկրից:
Առաջին հավկիթը 55 տարի առաջ նկարազարդել է Մարտիրոս Սարյանը, վերջինի հեղինակը՝ դեռ հայտնի չէ:

«Շուրջ տասը հավկիթ ունեմ նկարիչների մոտ, որոնք դեռ ետ չեմ ստացել նկարազարդված վիճակում»,-ասում է 93-ամյա կոլեկցիոներն ու պատմում, թե ինչպես «ծնվեց» նախադեպը չունեցող այս հավաքածուն հեռավոր 1963 թվականին:


«Սուրբ Զատկի օրը շքամուտքում հանդիպեցի հարևանիս տղային, որը ձեռքի նկարազարդ ձուն մեկնեց ինձ ու ասաց. «Յաշա քեռի, եկե՛ք «կռվենք»: Ձվի վրա նկարել էր մի քանի պատկեր, բայց չէր սպասել, որ չորանա: Այդ գույների խառնուրդից այնպիսի գեղացիկ ու հետաքրքիր պատկեր էր ստացվել, որ ես խնդրեցի նրան ինձ տալ այդ ձուն: Մերժեց՝ ասելով.«Չէ՛, սա 10 հատ ձու է ջարդել»:

Ամիսներ անցան, այդ դեպքի մասին արդեն մոռացել էի: Մի օր էլ որդիս եկավ, թե՝ բոլորը հոլ ունեն, իսկ ես՝ ոչ: Խանութում հոլ չէին վաճառում, ստիպված էի գնալ փայտագործի մոտ: Վերջինի արհեստանոցում էլ պատահաբար փայտե ձվեր տեսա, պատվիրեցի մի քանիսը»:

Նույն օրը՝ արհեստանոցից վերադառնալիս, Յակով Զարգարյանն այցելում է Սարյաններին: Փայտե հավկիթներից մեկը հանձնում է Վարպետին ու խնդրում նկարել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ