«Կախարդական» Քարանձավ. Ինչո՞ւ Են Մարդիկ Ձգտում Ջուր Խմել Սառնաղբյուրից և Գնալ Լմբատավանք

Լմբատավանք։ Վանքն այս կառուցված է փոքր բլրի վրա, քաղաքի ծայրամասում, ուր արդեն սկսում են հասնել նորակառույց բազմաբնակարան շենքերի ու առանձնատների ճյուղավորումները: Դա լավ է: Հույս է տալիս, որ դեպի վանք տանող ճանապարհն էլ շուտով մարդավայել տեսք կստանա։ Դատելով նորակառույց առանձնատների ճոխությունից` դրանք շուտով կարող են պարսպով առանձնացված գյուղատեղ դառնալ։

 

Լմբատավանքի վանական համալիրի մեջ մտնող Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է VI-VII դարերում, բնականաբար, տեղական կարմրանարնջագույն տուֆից։ Այն փոքր է`գմբեթը պահող ութանկյուն աշտարակով։ Պատմամշակութային հուշարձանի գլխավոր հարստությունը պատերին պահպանված միջնադարյան որմնանկարների դրվագներն են, որոցում պատկերված են Քրիստոսն ու Սուրբ Ստեփանոսը և Սուրբ Գևորգը։ Բոլորովին վերջերս` մի երկու տարի առաջ, դարավոր որմնանկարները վերականգնել են իտալիացի վարպետները:

 

Լմբատավանքից ուղղվում ենք դեպի քիչ հեռու գտնվող սառնորակ աղբյուրը, որ համանուն Սառնաղբյուր գյուղում է: Առեղծվածային աղբյուրը բխում է գյուղի ծայրամասում գտնվող ժայռափոր քարանձավից:  Իսկ արդեն քարանձավը երկու մասից է բաղկացած. առաջինն աղոթարանն է, որտեղ մոմ են վառում ու ժապավեններ են կապում։ Քարայրի այդ սրահով կարելի է թափանցել քարանձավի երկրորդ՝ «ջրային» սրահը, որտեղից աղբյուրն է բխում։ Մաքրամաքուր ու սառնորակ ջուր։ Ըստ ավանդության` այն բուժիչ է, դրա համար այստեղ ամբողջ Հայաստանից գալիս են ՝ «ջրաբուժվելու»։

Ըստ ավանդության՝ ինչ-որ ժամանակ այդ անձավում է ապաստանել Գրիգոր Լուսավորիչը, և այդ մասին է վկայում է մուտքի մոտ փակցված ցուցանակը։ Այս աղբյուրի ջուրը նրան ուժ է տվել: Բայց այստեղ դիմանալու համար տաք հագուստ էլ է հարկավոր։

Աղբյուրի մոտ հավերժ թաց քարեր կան։ Քարանձավի այդ հատվածը ոչնչով պաշտպանված չէ արտաքին ազդեցություններից, բայց այս անձավում ջերմաստիճանը մոտ +10 է՝ Ցելսիուսի սանդղակով: Ըստ որում, այդ + 10 աստիճանը պահպանվում է և՛ ամռանը, և՛ ձմռանը: Նախանձելի կայուն միկրոկլիմա է:

Ահա այսպիսի եղանակային անոմալիա, ու թող ֆիզիկոսներն ու օդերևութաբանները դա բացատրեն, քանի որ անձավը ժայռի խորքում չէ, այն բառացիորեն դուրս է նայում։ Ձեռքդ հանում ես քարանձավի «պատուհանից» ու զգում ջերմաստիճանների տարբերությունը, իսկ նույն պահին, ներսում գոլորշու տեսքով երևում է արտաշնչումս, ինչպես ձմռանը կամ ուշ աշնանը։

Օգոստոսյան այդ օրը ջուրը շատ-շատ էր. և՛ բուժիչ, և՛ աղբյուրի, և՛ երկնային՝ անձրևային։ Թեպետ… նայած ինչն անձրև համարես, քանի որ մեզ հանդիպածը ջրե պատ էր կամ ջրաշիթերի պարսպաշար, որը հանկարծակի հորդաց երկնքից՝ հողին գամելով տուֆի ամենուր տարածված փոշին, առատորեն լցվելով փոքր ջրամբարն ու Արթիկի փողոցները վերածելով ջրառատ գետերի։

Նյութի աղբյուր՝ CIVILNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ