Հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.
Մինչ բարեփոխումները, հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար, բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց և մինչև 18 տարեկան երեխաների, իրականացվում էր համավճարային սկզբունքով:
Ներկա բարեփոխումներից հետո հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, TERAGAM ճառագայթային սարքով և ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում է ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից:
Ընդլայնվել է նաև նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (այդ թվում VARIAN սարքով) պետական պատվերի շրջանակներում ճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, մասնավորապես` առաջին կետում թվարկված շահառուների ցանկում երեխաների տարիքային շեմը 7 տարեկանից բարձրացել է մինչև 18:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ առողջապահության նախարարի հրամանով վերանայվել են և բարձրացվել են պետության կողմից փոխհատուցվող ճառագայթային բուժման գները՝ մեկ սեանսի համար 3550 ՀՀ դրամից դարձել է TERAGAM ճառագայթային սարքով բուժման դեպքում՝ 9500 ՀՀ դրամ, իսկ ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ 13500 ՀՀ դրամ, ներխոռոչային բուժումը ՝ 9000-ից դարձել է 18800 ՀՀ դրամ:
Այս քայլով` ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումն առավել հասանելի և մատչելի է դառնում, որի արդյունքում կբարելավվեն ուռուցքաբանական հիվանդների ապրելիության, հիվանդացության, մահացության առողջապահական ցուցանիշները, կթուլանա տվյալ ոլորտում սոցիալական լարվածությունը, կնվազեն քաղաքացիների ուղղակի վճարները, ինչը դրական ազդեցություն կունենա հիվանդների կյանքի որակի վրա: