Հայաստանի զինված ուժերը շարունակում են վստահորեն պահպանել մեր անվտանգությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արարատում քարոզարշավի ժամանակ ասել է վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Իմ վարչապետ ընտրվելուց հետո Ադրբեջանը հայտարարեց Նախիջևանում 11 հազար հա տարածք ազատագրելու մասին։ Հայաստանում եղան ուժեր, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար սկսեցին տուրք տալ այդ ապատեղեկատվությանը:
Հույս ունեմ, որ դուք՝ արարատցիներդ, հենց սկզբից իմացել եք, որ դա կատարյալ անհեթեթություն է և Հայաստանի ԶՈՒ-ն շարունակում են վստահորեն պահպանել մեր անվտանգությունը: Ես 5 օր առաջ եղել եմ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում, անձամբ ծանոթացել եմ իրավիճակին:
Մարզպետն առաջարկում է իմ այցի մասին ոգևորող տեղեկություն հայտնեմ, բայց չեմ կարող, գաղտնիք է: Այնպես որ ծափահարություններ մեր զինվորներին, սպաներին ու գեներալներին»,- հայտարարել է Փաշինյանը:
Նա շեշտել է, որ հայկական բանակնառաջվա պես տիրապետում է իրավիճակին և բարձր պատասխանատվությամբ կատարում մարտական առաջադրանքները։