«Խնդրում եմ ձեզ այս հարցը պահել անձնական ուշադրության ներքո». Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ գործընկերներին

«Ցանկանում եմ ելույթս սկսել շնորհակալական խոսքեր հայտնելով Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևին՝ ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Նեղ կազմով հանդիպմանը մենք արդեն կարծիքներ փոխանակեցինք և կողմնորոշվեցինք այսօրվա օրակարգին վերաբերող հայեցակարգային հարցերում:

Այնուամենայնիվ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից քննարկված և մեր երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի որոշ ասպեկտների վրա: Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում:

Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել: Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը։

Այդ նպատակին հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին։ Մեկ պետության բրոքերներին և դիլերներին այլ անդամ պետությունների բորսաներում կազմակերպված առևտրին մասնակցելու թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը նույնպես էական նշանակություն ունի այս գործում: Այս հարցում մենք կարևոր ենք համարում անդամ պետություններում կազմակերպված մրցույթներում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության և վարկային պատմությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար հնարավորության տրամադրումը:

Մեր միության բոլոր երկրները հաստատում են հետաքրքրվածությունը Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի համաձայնեցման հարցում: Այս փաստաթղթի կյանքի կոչումը դրական ազդեցություն կունենա Միության երկրների պետական և մասնավոր հաստատությունների միջև բիզնես գործընթացների իրականացման վրա: Մենք բացարձակ տեղին ենք համարում «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրումը:

Այս համաձայնագրի դրույթների իրականացումը համահունչ է առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի առաջնահերթություններին: Մենք կարևորում ենք, որպեսզի մեր երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատող սուբյեկտներն ընդհանրացված տեղեկատվություն ունենան Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղմթերքի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ: Հարգելի ընկերներ, Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսի սկզբին պաշտոնական այցեր կատարեցի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն:

Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին: Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը:

Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը:

Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ դիմել ԵԱՏՄ անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը՝ խնդրելով հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի: Խնդրում եմ ձեզ այս հարցը պահել անձնական ուշադրության ներքո: ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ սեպտեմբերի 30-ին, Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով: Այս կապակցությամբ ցանկանում եմ դիմել ձեզ խնդրանքով՝ այս կարևոր իրադարձությանը ապահովել ձեր երկրների պետական և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հնարավորինս լայն մասնակցությունը:

Համաժողովին մասնակցնելու համար հրավիրված են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների ղեկավարները և ԵԱՏՄ գործընկեր երկրների ղեկավարները: Ակնկալվում է, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր»։

Նյութի աղբյուրը՝ Asekose am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ