Այսօրվանից ԱԺ աշխատակազմում 54 հոգի աշխատանք չի ունենա

Ազգային ժողովում պատրաստվում են կառուցվածքային փոփոխությունների, որոնք հնարավորինս գաղտնի են պահվում աշխատակիցներից:

Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունը խիստ վտանգավոր մի քանի տարր է պարունակում իր մեջ: Խոսքը, մասնավորապես, երկու հիմնական բաղադրիչների մասին է՝ ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ պիտի չունենա, կամ ներկայիս 230 պետծառայողի փոխարեն՝ 100 հաստիքով պետք է բավարարվի՝ ԱԺ Արարողակարգային վարչությունով, Քարտուղարությամբ և Արտաքին կապերի վարչությունով:

Փոխարենը, առաջարկվող փաթեթի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի մնացած առնվազն 300 կադրերը կամ կկրճատվեն, կամ կդառնան սոսկ քաղիրավական պայմանագրով աշխատողներ:

Կնշանակի՝ այս պետական բարձրագույն հաստատությունում կադրերն այլևս պետծառայողի մասին օրենքով պաշտպանված չեն լինի, կունենան խոցելի կարգավիճակ, կզրկվեն սոցիալական երաշխիքներից, բարձր աշխատավարձի հնարավորությունից ու առաջխաղացման դասային աստիճանի հնարավորություններից:

ԱԺ-ում գործատու-աշխատող իրավահարաբերություններն այլևս կդառնան ավելի պրոզաիկ ու խոցելի, որպեսզի էականորեն կրճատվի նաև պետության բեռը՝ ծախսերի տեսանկյունից:

Հաջորդ ու առավել ուշագրավ դրվագն այն է, որ մեզ հասած տեղեկություններով՝ քաղիրավական պայմանագրերին անցում անելու իմաստն այն է, որ ԱԺ աշխատակազմ ներմուծվեն նաև այլազգի միջազգային փորձագետներ:

Նրանց վերապահված է լինելու օրենսդրական դաշտում ակտիվ փոփոխությունների փաթեթների մշակումը: Աղբյուրի պնդմամբ՝ ԵՄ-ի հետ ՀՀ օրենսդիր մարմինն այս դաշտում որոշակի պայմանավորվածություն ունի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ, փորձագետները ԵՄ-Հայաստան համաձայնագրի շրջանակներում և ԵՄ-ի համար շահագրգիռ ոլորտներում կիրականացնեն մի շարք առանցքային փոփոխություններ:

Ստացվում է՝ գիտակրթական կենտրոնի վերածվող ԱԺ աշխատակազմն իրականում կիսով չափ եվրոպական աշխատակազմ է լինելու, կիսով չափ՝ հայկական: Վտանգը նրանում է, որ այս ամենի արդյունքում մի օր ԱԺ պատգամավորական կորպուսն իսկապես վերածվի լուռ, անհաղորդ  կոճակ սեղմողների ակումբի:

Փաստորեն, սա է իշխանության հապճեպ ձգտումի ողջ իմաստը՝ իշխող ուժի պատգամավորների օրենսդիր գործառույթը դարձնել խիստ ֆորմալ՝ դակիչ ֆունկցիա:

Նյութի աղբյուր ՝ Lurer.com

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ