Փաշինյանն ասաց՝ ուզում է քաջալերանքի խոսքեր ասել այն ընկերություններին, ովքեր մթերումներ են իրականացնում պատշաճ գներով, ովքեր Հայաստանից գյուղմթերք են արտահանում։
«Դա շատ գնահատելի և կարևոր աշխատանք է։ Այո՛, հարկային ստուգումներ էլ կլինեն, պետության առաջ նրանց պարտավորությունների ճշգրտում կլինի, բայց ոչ մեկն այս պրոցեսում չպետք է ահաբեկվի, լարվի։ Այո՛, պետության հարկերը պետք է վճարվեն, բայց մենք այս պրոցեսում ոչ մի ընկերության համար բարդություն չենք ստեղծելու։
Երբ որ խնդիր է ծագել՝ «Սպայկա» ընկերությունում ստուգում իրականացնելու անհրաժեշտություն է եղել, ես ասել եմ հետևյալը՝ գյուղմթերքի արտահանումը մի կիլոգրամով անգամ չպետք է տուժի։ Ես նորից ուզում եմ ասել բոլոր այն ընկերություններին, ովքեր մթերում են, մենք քաջալերում ենք։ Իրենք թող իմանան, որ մենք մեր ուժերի չափով իրենց ամեն ինչով աջակցելու ենք։
Բայց ասում ենք, որ աշխատանքը մարդու իրավունքները սահմանափակելու գործիք չպետք է դառնա, օրինակ, գործարանատերերը իրենց աշխատողներին չպետք է հարկադրեն որևէ մեկին ընտրել, կամ որևէ մեկին չընտրել՝ կլինի իշխանություն, ընդդիմություն։
Ում իմանանք, որ այդպիսի գործիք է կիրառում, մենք իր հետ խնդիր ենք ունենալու, դա քաղաքական խնդիր է, բայց մենք ոչ մեկի տնտեսական գործունեությունը չենք կաշկանդելու, ընդհակառակը՝ խրախուսելու ենք, օգնելու ենք», — ասաց Փաշինյանը։