«Եթե ՀՀԿ-ն տապալի ԱԺ-ի նիստը, միևնույն է Արամ Հարությունյանի հարցը կլուծվի». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն արարատցիների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ դատախազության այն միջնորդությանը, որով նախատեսվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին զրկել անձեռնմխելիությունից:

«Արամ Հարությունյանը բնապահպանության նախկին նախարարն է, որը կասկածվում է 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: Սա ապացույցն է այն բանի, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լինելու ենք հետեւողական:

Այս գործի օրինակով ներկայացնում ենք, թե ինչու է կոռուպցիայի դեմ պայքարը երկար տեւում: Այս գործի վերաբերյալ քաղաքացին հաղորդում տվել է 4 ամիս առաջ. այդ գործողությունները, ըստ քրեական գործի նյութերի, կատարվել էին օտարերկրյա բանկերի միջոցով եւ գործը չէր կարող շարունակվել, քանի դեռ այդ բանկերից մեկից պատասխան չէր ստացվել ԱԳՆ-ի ուղարկած հարցմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այդ փաստաթղթի պատճառով քննչական մարմինները սպասել են 4-5 ամիս, թեեւ բուն գործի համար անհրաժեշտ է եղել մոտ 10 օր:

«Քննչական մարմիններն այդ փաստաթղթերը ոչ պաշտոնապես ունեին, բայց քանի դեռ այդ պատասխանը պաշտոնական չէ, չի կարող որեւէ մեկին որեւէ մեղադրանք առաջադրել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ