Մյուս տարվանից տվյալ շրջանում քննություն հանձնող դիմորդը կապ չի ունենա այդ շրջանի կամ դպրոցի հետ. Նախարար

Մեր բուհերը հետազոտական կոմպոնենտով բավականին ցածր վիճակում են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով միջազգային վարկանիշային ցուցակներում մեր բուհերի զբաղեցրած հորիզոնականների մասին։

«Կրթական կոմպոնենտով գուցե լավ կամ միջին վիճակում են, սակայն հետազոտական կոմպոնենտով բավականին ցածր վիճակում են, որոնք վարկանիշային ցուցակներ կազմելիս  հաշվի են առնվում»,– նշեց նա։

Անդրադառնալով հայոց լեզվից 20 տոկոս անբավարար գնահատակ ստացած շրջանավարտների մասին, նախարարն ասաց.  «Երբ մենք հայերենի կենտրոնացված քննություն էինք անցկացնում, հենց այդ նպատակը ունեինք՝ պարզելու իրական գիտելիքը, վերհանել այն խնդիրները, որոնք կան, եւ չափորոշիչները,  ծրագրերը որոնք քննարկվում են, միտված են մայրենի հետ կապված այդ հարցերը լուծելուն։ 2 առարկա կա, որ հիմնավոր պետք է դասավանդվեն՝ հայոց լեզուն եւ մաթեմատիկան, մենք սրան մեծ ուշադրություն ենք դարձնելու, բայց մյուս առարկաները դրանից չեն տուժելու»։

Կենտրոնացված քննությունների տվյալները, Արայիկ Հարությանյանի խոսքով, ավելի լավ են, սակայն նախարարն ունի որոշակի մտահոգություններ եւ  հաջորդ տարի խոստանում է՝ այնպես են անելու, որ տվյալ շրջանում քննություն հանձնող շրջանավարտը այդ դպրոցի կամ շրջանի հետ որեւէ առնչություն չունենա։

Նախարարը շեշտեց՝  ուսուցիչների որակավորման տարակարգերի համակարգը պետք է վերանայվի. «Երբ նայում եմ, թե ինչ թիվ են կազմում տարակարգ ստացող ուսուցիչները, մանավանդ երկրորդ տարակարգը շատ փոքր թիվ է կազմում, այսինքն այստեղ լուրջ վերապահումներ կան նաեւ ուսուցիչների կողմից, կամավոր ատեստավորման համակարգը, որը թույլ կտա կարգեր սահմանվել եւ բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը, սրա այլընտրանքն են»։

Նա հավելեց, որ այնպես են անելու, որ ուսուցիչները, որոնք արդեն ունեն տարակարգ, նրանց վիճակը չվատթարանա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ