BBC-ի հոդվածը մարտի 1-ի մասին… Որ օլիգարխների անուններն են հնչում տեսանյութում․․․․

BBC-ի ռուսական ծառայությունն այսօր «Ո՞վ է 2008թ. Երևանում կրակել ցուցարարների վրա. քննությունը մատնացույց է անում Ղարաբաղից ջոկատի վրա» վերնագրով հրապարակում է արել, որում նշվում է, թե Մարտի 1-ի գործի նախաքննական նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ունեցել:

Հրապարակման համաձայն՝ ցուցարարների ուղղությամբ կրակողներին ղեկավարել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի), որը գործով որպես վկա է անցնում: Նախաքննական նյութերում նաև խոսվում է գործարար պատգամավորների՝ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի մասին, որոնք կարող էին ֆինանսավորել Երևան բերված արցախցի ուժայիններին:

Ըստ հոդվածագրի՝ քննիչները կարծում են, որ ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել արցախյան ուժայինները, որոնց ղեկավարել է Կարապետյանը, իսկ ջոկատը տեղակայված է եղել նախագահականի նկուղում: Գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, որը հայտնի է նաև որպես Օգանովսկի, ծառայել է Արցախի Պաշտպանության բանակում:

Հարցաքննությունների ժամանակ քննիչները պնդել են, որ հենց նա է ղեկավարել 2008 թվականին Երևան տեղափոխված արցախյան ստորաբաժանումները: Այս փաստը նա հաստատել է 2018թ. օգոստոսի 15-ի հարցաքննության ժամանակ, որին նա կանչվել է վկայի կարգավիճակով: Հարցաքննությունը 4 ժամ է տևել: Ի դեպ՝ որպես վկա հարցաքննվելիս Օգանովսկին զբաղեցրել է Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, իսկ 2019-ի ապրիլին ազատվել է պաշտոնից:

Նախաքննության վարկածով՝ գեներալ Կարապետյանն իր ենթականերից 20 հոգանոց հատուկ խումբ է կազմավորել, որը տեղակայվել է Բաղրամյան պողոտայում գտնվող նախագահական նստավայրի նկուղում: Կարապետյանի հարցաքննությանը մասնակցած քննիչի պնդմամբ՝ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ այցելել են խմբի անդամներին, որոնք պատրաստակամություն են հայտնել, հրամանի դեպքում, «կրակել ժողովրդի վրա», և հենց այդ խումբն է, նախաքննության պնդմամբ, մարտի 1-ին կրակել ցուցարարների ուղղությամբ: Հարցաքննության ժամանակ գեներալ Կարապետյանը հերքել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով, որ «ժողովրդի վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել»:

Կարապետյանի հասցեին նման մեղադրանքներ հնչեցվել են նաև մի քանի այլ վկաների հարցաքննության ժամանակ, սակայն, ըստ հոդվածի, վերջինները չեն կարողացել հաստատել կամ հերքել Մարտի 1-ի ողբերգության մեջ գեներալի դերի մասին տեղեկությունը: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին և Սամվել Կարապետյանին, նախաքննության ընթացքում ՀՔԾ աշխատակիցները քննչական գործողությունների ժամանակ պնդել են, որ գործարար պատգամավորներն են վճարել 2008 թվականի փետրվար-մարտին Երևան տեղափոխված արցախցի զինվորականներին, ինչպես նաև ապահովել սննդով: Քննիչը պնդել է, որ Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչներն այցելել են նախագահականում Կարապետյանի հրամանատարությամբ գտնվող զինվորականներին և նրանց գումար բաժանել: BBC-ի հարցմանն ի պատասխան՝ երկու գործարարներն էլ հերքել են այս տեղեկությունը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ