Ծեծել եմ, որ դաստիարակվի. 20–ամյա Քրիստինեի մահվան մեջ մեղադրվող ամուսինը՝ դեպքի մասին

 

20-ամյա կնոջը՝ Քրիստինե Իսկանդարյանին դաժանորեն ծեծի ենթարկած 30-ամյա Իլլարիոն Նունուշյանը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել:

Հիշեցնենք, որ 20-ամյա կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Իլլարիոն Նունուշյանն այժմ ձերբակալվածի կարգավիճակ ունի:

30-ամյա տղամարդն առաջին անգամ դատապարտվել է 2006 թվականին գողություն կատարելու համար եւ դատապարտվել ազատազրկման 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը, սակայն, պայմանականորեն չի կիրառվել:

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից:

Իլլարիոն Նունուշյանը երկրորդ անգամ՝ 2013 թվականին կրկին մեղավոր է ճանաչվել գողություն կատարելու համար եւ դատապարտվել տուգանքի` 600 հազար դրամի չափով։ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2013թ. հոկտեմբերի 3-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի կիրառմամբ Իլլարիոն Նունուշյանը, սակայն, ազատվել նշանակված պատժից:

Կնոջը ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը երրորդ անգամ դատապարտվել է 2014 թվականին՝ կրկին գողություն կատարելու համար. նրա նկատմամբ այս անգամ էլ դատարանը պատիժ է նշանակել տուգանք` 500.000 (հինգ հարյուր հազար) դրամի չափով։

Իլլարիոն Նունուշյանի հետ կապված կա նաեւ 4-րդ քրեական գործը: Նա այժմ էլ մեղադրվում է կրկին գողություն կատարելու համար: Այս գործով դատական նիստերը դեռ շարունակվում են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թվականին ծնված Քրիստինե Ի.-ին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թվականին ծնված Իլլարիոն Ն.-ն ձեռքերով հարվածել է կնոջը՝ պատճառելով վնասվածքներ: Նոյեմբերի 12-ին՝ ժամը 22:00-ին, Քրիստինե Ի.-ն, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ