ՀՀԿ երիտասարդների կոշտ գնահատականը Ռոբերտ Քոչարյանին․․Նման դեպքերում ժողուվուրդն ասում է ՝ խլվրտոց է ընկել մեջները

«Տեղեկատվական հեղափոխության արդյունքում առաջ եկած գործիքակազմը խթանում է ծայրահեղական, ամբոխավարական քաղաքական դիսկուրսը։

Համաշխարհային պատուհաս դարձած կեղծ լուրերի (fake news) երևույթը, իր հերթին, ապակայունացնում և թունավորում է երկրի ներքաղաքական կյանքը»:

Սա հատված է ՀՀԿ երիտթևի հռչակագրից, որ ընդունվել է օգոստոսի 2-4-ը Դիլիջանում անցկացրած հավաքից հետո: Հատկանշական է, որ հավաքն իր մասնակցությամբ պատվել էր նաև Սերժ Սարգսյանը, ըստ այդմ, ինչ-որ իմաստով երիտթևի հռչակագրի ներքո կա նաև նրա ստորագրությունը կամ ձեռագիրը:

Ինչն է այստեղ հետաքրքիր: Հռչակագրում հաջորդիվ բավական թափանցիկ քննադատության է արժանանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն տպավորություն է, որ այդ քննադատությունն ընդամենը Ռոբերտ Քոչարյանին և նրա համակիրներին, նրա այսպես ասած տեղեկատվական համակարգման ներքո գործող սուբյեկտներին ուղղված քննադատության կամ բնորոշման հավասարակշռման համար է:

Այն, ինչ նկարագրված է ՀՀԿ երիտթևի հռչակագրից մեջբերված հատվածում, գործնականում բնորոշ է երկրորդ նախագահի մեդիաքաղաքականությանը, որով նա կառուցում է իր պաշտպանությունն ու նաև քաղաքական պլաններն ու մարտավարությունը: Բանն այն է, որ ներկայումս Ռոբերտ Քոքչարյանն է թերևս մեդիադաշտի ամենախոշոր խաղացողը՝ իր ներկայության տեսակարար կշռով, իրեն փոխկապակցվող տեղեկատվական միջոցներով:

Իսկ ո՞վ կարող է ձևավորել մեդիատրենդը, եթե ոչ ամենախոշոր խաղացողը, որինն է դաշտում հարաբերականորեն տեղեկատվական ամենամեծ գործիքակազմը: Հետևաբար, երբ «տեղեկատվական հեղափոխության արդյունքում առաջ եկած գործիքակազմի» մասին է խոսում ՀՀԿ-ն, դրա «ծայրահեղական, ամբոխավարական» լինելու վերաբերյալ գնահատականը չի կարող առաջին հերթին չառնչվել դաշտի ամենախոշոր խաղացողին:

Իսկ այստեղ առավել հատկանշական և նուրբ հանգամանք է այն, որ ՀՀԿ-ն իր տնօրինության տակ գտնվող քարոզչամիջոցը հեղափոխությունից հետո օտարել էր Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի գործարարներից մեկին:

Այդ քայլով ՀՀԿ-ն, համենայն դեպս ցուցադրաբար, հրաժարվեց տեղեկատվական «պատերազմից», որքան էլ ներկայումս տարբեր ՀՀԿ-ական գործիչներ մասնակցում են նոր իշխանության դեմ հայտարարված այդ «պատերազմին» իրենց գործիքներով:

Ընդ որում՝ հատկանշական է, որ իրավիճակի ՀՀԿ «տեղեկատվական» գնահատականը տրվում է երիտկազմակերպության «շուրթերով», ինչը որոշակի իմաստով գնահատական է նաև «մեծահասակ» կուսակիցներին:

Այդ իմաստով, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հավաքն ու հռչակագիրը թերևս ոչ ընթացիկ ռեժիմում, սակայն որոշակի հեռանկարի առումով ունենալու են հատկանշական մեկնակետային նշանակություն կուսակցության ներքին վերադասավորումների առումով:

Սերժ Սարգսյանը կուսակցության «մեծահասակներին» հեռացրեց իշխանությունից, այժմ կարծես թե սկսում է կուսակցությունից և քաղաքականությունից «հեռացնելու» գործընթացը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ