Գեներալի կոշտ հակահարվածը. Վալերի Օսիպյանի քայլը

Ոստիկանությունը տեղեկություն է տարածել Շշի Մելո մականունով ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորը՝ Ռոբերտ Մանուկյանին ձերբակալելու մասին: Նրան ձերբակալել են արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու գործի շրջանակում: Խոսքը Երեւան-Սեւան մայրուղում տեղի ունեցած պայթյունի վայրում տեղի ունեցած միջադեպի մասին է, երբ ոստիկանության նկատմամբ ակնհայտ արհամարանքի պայմաններում դեպքի վայրից փախցրեցին Շշի Մելոյին պատկանող մեքենան՝ փաստացի իրեղեն ապացույցներից մեկը: Ընդ որում, փախցրեցին քշելով այն արգելել փորձող ոստիկանի վրա:

Աներկբա էր՝ ինչի մասին վկայում էր նաեւ հանրային արձագանքը, որ փաստացի մեքենան քշել էին ոստիկանության, ոստիկանապետ գեներալ Օսիպյանի վարկի, հեղինակության, գեներալական ուսադիրների վրա: Ըստ այդմ, արարքը պահանջում էր համարժեք եւ խիստ պատասխան, իրավիճակը փոխելու եւ օրինականությունը, ոստիկանապետի եւ ոստիկանության հեղինակությունը վերականգնելու համար:

Առավել եւս, որ հակառակ պարագայում իրավիճակը ստանում էր նաեւ քաղաքական համատեքստ, այն իմաստով, որ Վալերի Օսիպյանը չի կարողանում տիրապետել իրավիճակին: Հատկապես որ այդ թեմայով պարբերաբար «ներարկումներ» են լինում մամուլ:

Ոստիկանության հակահարվածը չուշացավ: Հարուցվեց քրգործ, եւ ձերբակալվեց Շշի Մելոյի եղբայրը: Ըստ տեղեկության, նրա հրահանգով է գործարարի թիկնապահը, ի դեպ՝ ոստիկանության աշխատակից Մարկոս Մարկոսյանը դեպքի վայրից փախցրել մեքենան:

Գեներալ Օսիպյանը փաստորեն տվեց կոշտ հակահարված, ընդ որում բառի բուն իմաստով էլ: Բանն այն է, որ Ռոբերտ Մանուկյանի փաստաբանը դժգոհել է, որ բերման ենթարկելիս նրա հանդեպ կիրառվել է բռնություն, եւ նա ստացել է վնասվածքներ: Ոստիկանությունը պատասխան հայտարարությամբ հայտնել էր, որ վնասվածքները եղել են համաչափ, քանի որ բերման ենթարկվողը դիմադրել է ոստիկանությանը, որի պարագայում ոստիկանները իրավունք ունեն գործադրել ուժ, ընդհուպ ձեռնամարտի հնարքներ:

Ի՞նչ ընթացք կունենա գործն ու որքանո՞վ կպահի իր հակահարվածի ուժը գեներալ Օսիպյանը, պարզ կլինի գործի հետագա ընթացքից: Կհաջողվի՞ Մանուկյաններին «պայմանավորվել» ոստիկանության հետ, կամ հետո իրավապահ որեւէ այլ կառույցի հետ: Պետք է արձանագրել, որ հանկարծ այդպիսի հաջողության դեպքում միարժեք է, որ խորքային, ռազմավարական իմաստով ձախողվելու է հանրության հետ ոստիկանության պայմանավորվածության ռազմավարական խնդիրը:

Այդ խնդիրը իր արմատով, իր բազմաթիվ շերտերով անշուշտ ոստիկանապետ Օսիպյանի ստացած բարդ եւ ծանր ժառանգությունն է, այդ թվում այն համատեքստում, ինչի մասին պետական կառավարման համակարգի լայն իմաստով խոսեց վարչապետ Փաշինյանը դեպքից հետո, դեպքի հետ ուղիղ կապ չունեցող թեմայով: Խոսքը 2014-ին պատրաստված գաղտնի զեկույցի մասին է, որ ըստ Փաշինյանի ներկայացրել են Սերժ Սարգսյանին եւ որից արվող եզրակացությունը մեկն է՝ Հայաստանում կառավարման համակարգը գործել է ամբողջապես կոռուպցիոն շարժիչով, անջատում ես կոռուպցիան՝ անջատվում է համակարգը:

Սա լրջագույն խնդիր է: Այդ խնդրին բախվել է նաեւ ոստիկանապետ Օսիպյանը՝ անջատում ես կոռուպցիան, կամ փորձում ես անել դա, եւ անջատվում է համակարգը:

Սեւանի մայրուղում դեպքի վայրում տեղի ունեցած միջադեպը գործնականում դրա մետաստազներից մեկն է, ըստ այդմ տեղի ունեցածին ոստիկանապետի արձագանքը կարեւոր է նաեւ այդ խորքային իմաստով՝ Հայաստանում որպես պետական կառավարման համակարգի առանցքային բաղադրիչ՝ ոստիկանություն ձեւավորելու լրջագույն խնդրի իմաստով: Դա Վալերի Օսիպյանի քայլերից մեկն է, ու մինչեւ վերջ հասցնելը հույժ կարեւոր ոչ միայն «թասիբի», այլ նաեւ համակարգային մեխանիզմի վերածելու խորքային իմաստով:

P.S. Հոդվածի հրապարակման պահին հետո հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի, մի քանի ժամ քննելոով ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, ոչ իրավաչափ է ճանաչել Մանուկյանի ձերբակալությունը, և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճից։  

Գեներալի կոշտ հակահարվածը. Վալերի Օսիպյանի քայլը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ