Սեդա Վարդանյանի գործունեության մասին նույնիսկ ռուսալեզու գրքեր են հրատարակվել: Առաջին` «Էքստրասենսի ուժը» աշխատությունում հազար ու մի գաղտնիքներ են հաջող ամուսնությունների, երջանիկ ապրելու եւ նպատակներն իրագործել կարողանալու մարդու թաքնված ուժի մասին:
Իսկ երկրորդ` «Այն ամենը, ինչ ուզում եք հարցնել» գրքում բոլոր այն հարցերի պատասխաններն են, որոնց շատ հաճախ են բախվում մարդիկ:
Սեդա Վարդանյանի կանխատեսումները շարքային շառլատանություն կդիտվեին, եթե ռուսական հեղինակավոր «Պիկ ժամ» հաղորդաշարը պարբերաբար չանդրադառնար նրա բացահայտումներին ու անբուժելի` մահվան դատապարտված հիվանդների լիարժեք բուժման դեպքերին: Ամենաթարմ դեպքը շիզոֆրենիայով տառապող եկատերինբուրգցի մի կնոջ հետ է առնչվում, որի ապաքինումը բժշկությունն իր ուժերից վեր էր համարել:
«Հիվանդությունը միանգամից էր գլուխ բարձրացրել: Կինը սկսել էր խոսել անհասկանալի լեզուներով, անհաղորդ էր դարձել շուրջը կատարվող դեպքերին:
Չէր ճանաչում ու չէր արձագանքում անգամ միակ դստերը: Երբ ցանկություն հայտնեցի հեռախոսով խոսել հետը, քամահրանքով վերաբերվեցին ցանկությանս:
Բայց ես պնդեցի: Կինն առաջին իսկ բառիցս սթափվեց, ճանաչեց ինձ եւ ուրախության այնպիսի ճիչեր արձակեց, որ ներկա գտնվողները, պահը չկորցնելով, տեսաձայնագրեցին»,- պատմեց տիկին Սեդան:
Հեռախոսային սեանսին հաջորդել է դեմառդեմ հանդիպումը, որից երկու օր հետո հիվանդությունը մեկընդմիշտ անհետացել է: