«Սեյֆը բացել՝ տեսել են 4 մլրդ չի, 27.000$ է, շոկի մեջ են ընկել». Քոչարյան

Այսօր՝ հուլիսի 24–ին, Վերաքննիչ քրեական դատարանում իր գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության ներկայացրած բողոքի քննության ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մեկ տարի է՝  ոտնահարվում են իր իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով, և ինքն այդ մասին բարձրաձայնելու իրավունք ունի։

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ իր գրասենյակից առգրավվել են փաստաթղթեր, որոնք վկայում էին իր գույքի և եկամուտների օրինական լինելու մասին։

Անդրադառնալով իր գրասենյակում և առանձնատանը կատարված խուզարկության և գույքի վրա կալանք դնելուն՝ Քոչարյանն ասաց.

«Սա մի պրակտիկա է, երբ մարդուն զրկում են ամեն ինչից, նաև պաշտպանվելու հնարավորություններից մեկ նպատակով՝ երևի խեղճացնելու, ինչ-որ նպատակի հասնելու։ Հարցնում եք, թե 27.000 դոլարն ինչո՞ւ են վերցրել, ես ասում եմ՝ շոկից, երևի սեյֆը բացել, տեսել են 4 մլրդ չի, 27. 000 է, շոկի մեջ են ընկել»։

Հայտարարությունից հետո դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել: Դատավոր Արսեն Նիկողոսյանը Քոչարյանին խնդրեց հեգնական տոնով չխոսել, իսկ Քոչարյանը պատասխանեց, որ դատարանն այն տեղն է, որտեղ մարդն իրավունք ունի իր կարծիքն ասել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ