«Կտրաքացնեմ …». 29-ամյա երիտասարդը 6 մլն դրամ է «Ֆասթ Կրեդիտի» մասնաճյուղից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Հայկ Ա.-ի գործի դատական քննությունը:

29-ամյա Հայկին մեղադրանք է առաջադրվել զինված ավազակային հարձակում, յուրացում կատարելու, ինչպես նաև իրավունք վերապահող կեղծ պայմանագիր պատրաստելու, օգտագործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով և 325 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի ապրիլի 2-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում Հայկ Ա.-ն դիմակավորված, ատրճանակով ու նռնակով զինված հարձակվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» կազմակերպության Ավանի մասնաճյուղի վրա, մասնաճյուղը պայթեցնելու, մասնաճյուղում գտնվող հաճախորդին սպանելու սպառնալիքով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6 միլիոն 300 հազար դրամ գումար, և դիմել է փախուստի:

Հանդուգն հարձակումից հետո իրավապահները ահազանգով դեպքի վայր են գնացել, տարել են նաև խուզարկու շուն, սակայն հարձակվողի հետքին ընկնել չի հաջողվել: Տեսահսկող սարքերի տեսագրություններում հնարավոր չի եղել տեսնել հարձակվողի դեմքը, այն փակված է եղել դիմակով:

Թվում էր՝ դժվարբացահայտելի գործ է, սակայն 2018 թվականի հունիսի 23-ին ինքը՝ Հայկ Ա.-ն, մեղայականով ներկայացել է ոստիկանություն և խոստովանել է, որ ինքն է եղել տվյալ վարկային կազմակերպության վրա հարձակված անձը:

Պարզվել է նաև, որ Հայկ Ա.-ն ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ յուրացրել է «Այ Վենդինգ» ՍՊԸ-ից վարձակալությամբ վերցրած 1 հատ սրճեփ, 2 հատ քաղցրավենիք ու խմիչք տրամադրող սարք, «Novara» մոդելի 6 հատ սրճեփ՝ դրանք վաճառելով տարբեր քաղաքացիների: Այս դրվագի շրջանակներում, ըստ մեղադրանքի, Հայկ Ա.-ն պատրաստել և օգտագործել է իրավունք վերապահող կեղծ պայամանգիր:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Հարցաքննվեց տուժող Վ. Ս.-ն: Նա եղել է այն միակ հաճախորդը, որ ավազակային հարձակման պահին գտնվել է «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» կազմակերպության Ավանի մասնաճյուղում: Նրան սպանելու սպառնալիք է տվել Հայկ Ա.-ն՝ հարձակման ժամանակ նրա ուղղությամբ պահելով ատրճանակը ու պահանջելով, որ մասնաճյուղի աշխատողներն իրեն փոխանցեն մասնաճյուղում եղած գումարները:

Վ. Ս.-ն «Ֆասթ Կրեդիտ»- ի մասնաճյուղ էր մտել՝ մուծում կատարելու: Դրսում՝ մեքենայի մեջ, նրան էր սպասում կինը:

Տուժողն ասաց՝ այո, դիմակավոր անձն իր վրա էր ուղղել ձեռքին եղած ատրճանակը. «Ես իմ կյանքի համար վտանգ չէի զգում, քանի որ ինձ մոտ գումար չկար, ու այդ անձը ինձնից գումար չէր ուզում»,- դատարանում ասաց տուժողը ու պնդեց. «Այս պահին անկեղծ եմ պատասխանում:

Հնարավոր է՝ պահի տակ վախ լիներ, բայց ես չեմ մտածել, որ նա իմ վրա կկրակի…»:

Տուժողն ասաց, թե դիմակավոր անձն իրենից մոտ երկու մետր հեռավորության վրա էր գտնվում: Ինքը դեռ չէր սկսել իր գործարքը, երբ մուտքի դռան ձայնը լսեց, շրջվեց ու տեսավ դեմքը փակ մի անձնավորության, որի մի ձեռքում ատրճանակի, մյուս ձեռքում նռնակի նման առարկաներ կային:

«Արդեն չեմ հիշում՝ ինչ արտահայտություններ արեց հարձակվողը»,- ասաց տուժողը: Երբ հարձակվողը «Ֆասթ Կրեդիտի» աշխատողներից ստացել է պահանջածը, տուժողին ասել է՝ իրար հետ դուրս գանք… Հարձակվողի պահանջով ծնկի իջած 31-ամյա տղամարդը ոտքի է կանգնել ու հարձակվողից առաջ, առանց հետ նայելու դուրս է եկել մասնաճյուղից: Թեքվել են դեպի ձախ, մի քանի քայլ առաջացել են, հարձակվողը առաջ է անցել ու վազելով հեռացել է…

Տուժողն ասաց, թե իր հիշելով՝ մասնաճյուղում երեք աշխատող կար՝ մի աղջիկ ու երկու տղա:

Նրանցից մեկն իր ցուցմունքում ասել էր, թե հարձակվողը բռնել է հաճախորդի ձեռքից ու իր հետ դուրս է բերել մասնաճյուղից:

Տուժողն ասաց, որ հարձակվողն իր նկատմամբ բռնություն չի գործադրել, իրեն չի հարվածել, չի քաշքշել, հնարավոր է՝ «միամիտ» կպած լինի, բայց ինչքան հիշում է՝ իր ձեռքից նա չի բռնել:

Տուժողն ասաց, թե չի տեսել՝ հարձակվողն ինչ է վերցրել մասնաճյուղի աշխատողներից: Չի հիշում, որ նա տոպրակ փոխանցի աշխատողներին ու պահանջի փողը լցնել այդ տոպրակի մեջ: Ինքն այդ կողմ չի նայել: Հարձակվողն իրեն ասել է՝ ոտքի կանգնի, ինքն էլ կանգնել է: Այդ ամենը տևել է 5-10 րոպե:

Տուժողը նշեց, որ հետո մեքենայով գնացել է նույն կազմակերպության մեկ այլ մասնաճյուղ ու կատարել է իր մուծումը: Հարձակվողի փախչելուց հետո չի վերադարձել նույն մասնաճյուղ՝ մտածելով, թե աշխատողները խուճապի են մատնված, կարող են սխալվել, իր մուծածը ուրիշ անունով ընդունել: Ինքը դրսից տեսել է, որ աշխատողները հեռախոսներով խոսում են, երևի ահազանգում էին կատարվածի մասին:

Նկատի ունենալով, որ տուժողի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև կային հակասություններ, դատարանը հրապարակեց տուժողի նախաքննական ցուցմունքը:

Տուժող Վ. Ս.-ն այդ ցուցմունքը տվել էր դեպքի հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին: Նա հայտնել էր, թե վարկային կազմակերպության մասնաճյուղում պատրաստվում էր մուծում կատարել, երբ մուտքի դռան ձայնը լսել ու շրջվել է: Մտել է մի տղամարդ՝ մուգ հագուստով, գլխին՝ «կապյուշոն», դեմքը՝ փակ՝ սև դիմակով, միայն աչքերն էին երևում, աչքերը մուգ էին: Նրա հագին դեղին ձեռնոցներ էին, մի ձեռքին ատրճանակի, մյուս ձեռքին նռնակի պես առարկաներ կային:

Վ.Ս.-ն նշել էր. «Ես անակնկալի եկած, շփոթված ու վախեցած էի… Այդ անձնավորությունը անմիջապես մոտեցավ ինձ, հրամայական տոնով ասեց՝ դու հլը պառկի… Ես տեսա ատրճանակն ու նռնակը, վախեցա, որ չենթարկվելու դեպքում նա կարող է դրանցից մեկնումեկը գործադրել ու ինձ վնասել… Ես ծնկի իջա անմիջապես… Իրական վախ եմ զգացել… Նա իմ նկատմամբ բռնություն չի գործադրել… Անհանգիստ քայլում էր այսուայն կողմ ու ասում էր. «Կտրաքացնեմ, սաղս կտրաքենք… »: Նա գումար էր ուզում, կրկնում էր. «Շատ տվեք, շուտ արեք…»: Աշխատողները, ենթադրում եմ, գումարը տվեցին, նա ինձ ասեց. «Հե՛լ, հետս արի, դուռը բաց ու գնա ձախ»: Ես ենթարկվեցի, դուրս եկա, գնացի դեպի ձախ… Մի քանի քայլից հետո նա ինձ անցավ ու վազելով հեռացավ դեպի շենքերը… Այդ պահին կինս իջավ մեքենայից, ես փախչողի հետևից չնայեցի…

Նրա ձայնը սովորական էր, ակցենտով չէր խոսում, քաղաքավարի էր խոսում, ժարգոնով… Նա ինձ չի կպել, չի վնասել… Ես վախեցել էի նրա սպառնալիքներից, թե կտրաքացնի… Ես նրան չեմ փորձել վնասազերծել՝ մտածելով՝ ամեն ձեռքին մի բան կա՝ ատրճանակ, նռնակ, մեկը խլեմ, մյուսը կգործադրի… Ես անմիջապես ենթարկվել եմ նրա պահանջին…»:

Տուժողն ասաց, որ նախաքննական ցուցմունքը տալու ժամանակ իրեն չեն ուղղորդել… Ինքը ճնշված էր նաև այն պատճառով, որ մի քանի մետրի վրա կինն էր՝ մեքենայի մեջ:

Տուժողն ասաց, թե ամբաստանյալից որևէ պահանջ չունի:

Վկա Վահագն Դ.-ն կարող էր և տուժող լինել այս գործով, այդ հարցը դատական նիստի ժամանակ մի քանի անգամ տրվեց նրան:

Վկան ասաց, որ ամբաստանյալն ու իր եղբայրն աշխատել են իրար հետ, ինքը Հայկին ճանաչում է եղբոր միջոցով:

Մանրամասները՝ այստեղ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ