Արարատի մարզում արագիլները ճենճի մեջ են ու չեն կարող թռչել

Բնապահպան Լյուբա Բալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և տեղեկացրել էկոլոգիական աղետի մասին․

«Օրեր առաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ բերեցին արագիլի առանձնյակ (լուսանկարում), որն ամբողջությամբ պատված էր կեղտի ու ճենճի հաստ շերտով, և որի հետևանքով թռչունն անընդունակ էր թռչելու:

Թռչնի ընդհանուր փետրավորման 80%-ը՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով, ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետև կոշտ շերտի ձևավորման պատճառով այն չի թռչում:

Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Մենք փորձեցինք մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթի դեպքում մեզ հաջողվեց փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ, մեր մասնագետները (Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի ինստիտուտ և Հայաստանի թռչունների պահպանման միություն Armenian Society for the Protection of Birds (ASPB) շրջապտույտ կատարեցին Արարատյան հարթավայրում՝ սկսած Արմաշի ձկնաբուծական տնտեսությունից ընդհուպ մինչև Մասիս քաղաք և Սիս համայնք ընկած հատվածը, ընգրկելով այդ տարածքներում բոլոր արագիլաբնակ համայնքները, որոնք գտնվում են ափամերձ հարևանության մեջ: Արդյունքում, Հովտաշեն գյուղում հայտնաբերվեց մեծ թվով արագիլների քանակ (գրեթե թռչունների 70%), որոնք գտնվում էին նույն վիճակում, ինչ մեզ մոտ բերված արագիլը:

Իրավիճակը շատ ավելի սոսկալի էր, քան մենք պատկերացնում էինք, երբ մեր մասնագետներն ականատես եղան, թե ինչպես երիտասարդ արագիլներ, շատ անգամ՝ չթռչող ձագեր, սոված թափառում էին գյուղական համայնքի փողոցներում: Կարծում եմ՝ պատճառն ավելին քան ակնհայտ է. ծնողների մեծ մասը ի վիճակի չլինելով կեր հայթհայթել և կերակրել իրենց ձագերին, ակամա մատնում են իրենց ձագերին սովի, թուլացման և այլն: Սույն իրավիճակը որակավորում եմ որպես էկոլոգիական աղետ:

Անհապաղ հարկավոր է պարզել որտեղ է տեղի ունեցել պարենային յուղանյութի մասնակցությամբ թափոնների խոշոր առաջացում / նետում բնական միջավայր՝ ավելի հստակ Հրազդան գետի մեջ, որի հետևանքով հարյուրավոր արագիլներ դատապարտված են անկման: Ո՞վ է պատասխան կրում այս ամենի համար և ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու պատկան մարմինների կողմից:

Ի դեպ, այդ աղետը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս (20-25 օր) առաջ, քանի որ մեր կողմից զննված արագիլի վրա արդեն դուրս էին եկել նոր փետուրներ / աղավնափետուրներ, որոնք վկայում են այդ մասին: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ է լինելու այս արագիլների հետ:

Իհարկե, տեսականորեն կարելի է ենթադրել, որ դրանց որոշ մասը կփրկվի, եթե հասնի փետրաթափության շրջանին, բայց մեր կարծիքով՝ դա քիչ հավանական է, քանի որ ճենճանման նստվածքի պատճառով առաջացած պատյանի պես կոշտ շերտը խանգարում է նոր փետուրների բնականոն աճին:

Սույն գրառումս ԱՀԱԶԱՆԳ ՉԷ: Բնապահպանության և ընդերքի տեսչությունն արդեն տեղեկացված է:

Սույն գրառումս խնդրում եմ դիտարկել որպես ԿՈՉ պետական մարմիններին՝ ստեղծված իրավիճակը դիտարկել ՔՐԵԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ. վերահսկել սննդամթերք արտադրող բոլոր հաստատությունները, լինի դա ձկան/ձկնամթերքի, մսամթերքի կամ այլ բուսական սննդամթերքի պահածոների գործարաններ, փոքր ու միջին արդրամասեր, որոնք գտնվում են այդ տարածքում և անմիջական շփման մեջ են գետահոսքերի հետ: Մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ