«Արդեն ահավոր վախենում եմ թվերից։ Չգիտեմ ինչու․․․»․ 37-ամյա Նազենի Հովհաննիսյանի անկեղծ զրույցը

«Արդեն ահավոր վախենում եմ թվերից։ Չգիտեմ ինչու: Այլ է 35-ը և լրիվ ուրիշ բան` 37-ը: Մի տեսակ անարադար բան կա:) Ինձ թվում է՝ 37-ից հետո արդեն մեկ է՝ 40, թե 41, բայց 37-ը  վախենալու տարիք է,- ծիծաղելով ասաց նա, ապա լռեց ու շարունակեց,-  այլևս չես կարողանում խաբել ինքդ քեզ: Բոլոր մարդիկ էլ ունեն ինքախաբեությամբ զբաղվելու հատկություն:

Թեև միշտ կարծել եմ, որ բավարար ազնիվ եմ ինքս ինձ հետ, բայց իմ 37-ում եկավ բացարձակ գիտակցությունը, որ ազնվության փուլը հիմա նոր է սկսվում: Ինքս ինձ հետ ցավեցնելու աստիճան ազնիվ ու անկեղծ եմ դարձել. դա ոչ միշտ է հաճելի, որովհետև տակն այնքա՜ն բան կա, այնքա՜ն բան ես ինքդ քեզ ասում, բացահայտում և՛ քո մեջ, և՛ քո մասին, և՛ ինքդ քո նկատմամբ: Ես, իհարկե, շատ խիստ եմ:

Տարիներ առաջ երջանկահիշատակ մորիցս հարցազրույց էին վերցնում, հարցրեցին՝ ինչպիսին է Նազենին ձեր բնորոշմամբ, լռեց, մտածեց և ասաց՝ շատ խիստ: Այդ խոսքն այնքան սուր եմ հիշում: Ես չէի պատկերացնում, որ մայրիկիս դիտարկմամբ այդպիսինն եմ: Բայց ես իրոք խիստ էի. խիստ էի ու պահանջկոտ միջավայրիս, ընտանիքիս անդամների, ուսանողների, թե ընկերներիս նկատմամբ, ինքս իմ նկատմամբ էի խիստ, բայց 37-ում պարզվեց, որ ես այնքան խիստ չէի, որքան որ պետք է լինեի»:

Քանի որ կամքն ու ուժը, երբեմն, մեզ դարձնում են առնական, ընդգծված կերպով փորձում եմ պահել իմ կանացիությունը

Դերասանուհուն շատերը կանացի են համարում: Ինքն իրեն Նազենին զգուշանում է առհասարակ բնորոշումներ տալ և շտապում է հիշել, որ իր մայրն ու քույրերն են կանացիության մարմնավորում:

«Իմ մայրն աշխարհի ամենականացի կինն էր, թեև անհավանական ուժեղ: Ես վստահ եմ, որ իմ հայրիկի համար նրա մեջ հենց այդ կանացիությունն ու ամեն օր նորովի ներկայանալու կարողությունն էր գերող: Երբ նայում եմ նրանց նկարները, հիշում իրենց` տնից դուրս գալու պահը, կարծես, ռետրո ֆիլմից զույգ լինեին: Մայրս կանացի էր, գեղեցիկ ու ազնվական, իր ազնվական ծագմանը բնորոշ, հայրս` տղամարդու ամենոճային դրսևորմամբ, շատ առնական, բայց և գեղադեմ ու նորից ազնվական:

Իմ ավագ քույրերն են անասելի կանացի, նուրբ ու շատ ուժեղ: Նրանց համեմատ ես բոլորովին էլ կանացի չեմ, ոչ էլ` ուժեղ:) Ուղղակի, գործի բերումով, ես ավելի տեսանելի եմ,- ասաց նա, ապա նկատեց,- Կամքն ու ուժը մեզ երբեմն դարձնում են առնական, կոպիտ կամ փշոտ, ես ընդգծված կերպով փորձում եմ պահպանել իմ կանացիությունը, չեմ ուզում ուժն ասոցիացվի անսեռության հետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ