Մեղրիում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ելույթն սկսեց նախօրեին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդի հետ զրույցից մանրամասներ ներկայացնելով:
Վարչապետի պաշտոնակատարը պատմեց, որ միլարդատեր ու աշխարհահռչակ հյուրին հարց է ուղղել՝ ինչ ներդրում ունի ԱՄՆ կառավարությունը Թրուշարդի հաջողությունների մեջ:
Նա պատասխանել է, որ միակ բանը, որ արել է՝ իր կրթության համար պայմաններ ստեղծելն է, «չլիներ այն դպրոցը, որում ես սովորել եմ, կմնայի մեր ֆերմայում»:
Ջեյմս Թրուշարդի պատասխանից Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ ինքը և իր թիմը ճիշտ ուղու վրա են: Նրա խոսքով՝ «Իմ քայլ»-ի ծրագրային կարևորագույն դրույթներից մեկը քաղաքացիների համար պատշաճ կրթություն ապահովելն է, որպեսզի չորս տարեկանից սկսած երեխաները ներգրավվեն կրթական համակարգում:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ Մեղրիում այդ ծրագիրն ավելի խորքային է իրականացվելու, Մեղրիում հիմնովին կվերանորոգվի մանկապարտեզի շենքը: