ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.
«Չէ, չէ, բնավ էլ Մսրա Մելիքի՝ 40 տարով Սասունն իշխելու մասին չէ խոսքը…
Օրերս ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներից մեկը (ում, ի դեպ, փաստորեն, դասավանդել եմ ԵՊՀ-ում, բայց այդպես էլ չեմ կարողանում հիշել ուսանողի կարգավիճակում) հայտարարել է, թե իրենք իշխանության են եկել 40 տարով։
Այ քեզ մերօրյա պայծառատեսություն…
Սա ինչ՞ է՝ իրազեկու՞մ, գուշակությու՞ն, երա՞զ, նախազգուշացու՞մ, սպառնալի՞ք, թե՞ ժողովրդի կարծիքի վրա թքած ունենալու անկեղծ խոստովանություն…
Հետաքրքիր է՝ ո՞վ է նրան ներարկել այս ինքնավստահությունը:
Հանրությանն ընդամենը «Աշտարակի ձոր» ռեստորանի միջադեպով հայտնի դարձած պատգամավորը, ում, ըստ իր խոստովանության, չեն ճանաչել նաև դեպքի վայր ժամանած ոստիկանները, միթե՞ կարճ ժամանակահատվածում այդչափ ընտելացել է իշխանական հարմարավետ ու դուրեկան կարգավիճակին:
Հարց է առաջանում, թե այս մի քանի ամիսներին այդ ինչ՞ է արել իշխանությունը և անձամբ հենց ինքը՝ որպես ոչ շարքային պատգամավոր, որ իրեն թույլ է տալիս այդպիսի ինքնավստահ հայտարարություն հեղինակել…
Ինչպես հայտնի կինոնկարում է ասվում՝ «ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս», կամ էլ՝ պարզապես, «լավագույն» ավանդույթները շարունակվում են…»։