«Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց». վարչապետ Փաշինյան

Հայաստանի ապագան կախված է յուրաքանչյուր քաղաքացուց: Լոռու մարզի Դեբեդ գյուղում գտնվող «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի  «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում ներկաների հարցերին պատասխանելիս նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երիտասարդներից մեկի հնչեցրած հարցն այն մասին էր, թե ինչն էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ փողոց պայքարելու:

«Ես իմ քաղաքական գործունեությունն սկսել եմ 2007 թվականին: Երբ առաջին անգամ հրապարակային քաղաքական ելույթ եմ ունեցել, իմ հիմնական ուղերձը եղել է հետևյալը: Ես առաջարկել եմ, որ յուրաքանչյուր քաղաքացին ասի՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ: Հետևաբար, եթե ուրիշներին դա առաջարկել եմ, ուրեմն նախ ինքս եմ դա որդեգրել: Դա պարզապես խոսք չէ, այլև պատասխանատվություն է»,– ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր ցանկացած քայլ անելիս շատ արագ փորձել է վերլուծել, հասկանալու համար, թե այդ քայլը որքանով է համապատասխանում իր առաջարկած բանաձևին:

«Տեսեք, շատ ենք խոսում  օրենքի մասին՝ ասելով, որ այն պետք է լինի խիստ, սակայն շատ կարևոր է մեր ներքին օրենքը: Շատ կարևոր է, թե մեզնից յուրաքանչյուրը որքանով է ինքն իրեն սահմանափակում՝ որպես լրագրող, խմբագիր քաղբանտարկյալ, պատգամավոր, վարչապետ»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ