Քաղաքացիները երեկվանից համացանցում հրապարակում են 26 համարի ավտոբուսի նոր մոդելը, որն այսօրվանից արդեն աշխատում է:
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ավտոբուսը, որը քաղաքացիները ցուցադրում են համացանցում, պատկանում է մասնավոր ընկերության և, հավանաբար, փորձարկման համար է գնվել:
«Մասնավոր ընկերություն է, դեղին «Բոգդան»-ներով աշխատող ընկերություն է, մեկ հատ այս մեքենայից են ներկրել և հավանաբար փորձարկելու են և հասկանան՝ ի՛նչ արդյունք կարող է տալ»,- ասաց Կարապետյանը:
Նշենք, որ ավտոբուսն այսօրվանից դուրս է եկել երթուղի և սպասարկելու է քաղաքացիներին:
Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն իր Facebook–ում հրապարակել է նոր ավտոբուսի լուսանկարը։ «Փորձարկումը սկսված է, ասում են քաղաքացիները գոհ են»,– գրել է նա։
Օգտատերերը Համացանցում նույնպես ակտիվ կիսվում են ավտոբուսի` սեփական լուսանկարներով և կանաչ ճանապարհ են մաղթում շարժակազմին։