«Գրանցվելու եմ ու սկսեմ հարկեր վճարել». Սարգիս Գրիգորյանը հայտարարագրելու է իր եկամուտները

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը հայտարարագրելու է իր եկամուտները: Նա պատրաստվում է ՊԵԿ-ում գրանցվել որպես հանդիսավար, որպեսզի սկսի հարկեր վճարել: «Ես ունեմ «Գրիգորյանս» ՍՊԸ, որն արդեն մի քանի ամիս է՝ հարկային դաշտում է, հաշվառված, հաշվապահս այդ բոլոր հարցերով զբաղվում է: Մտածում էի, որ ՍՊԸ-ի միջոցով կարելի էր նաեւ այդ հարցը լուծել, բայց հասկացա, որ ավելի ճիշտ կլինի որպես հանդիսավար առանձին գրանցվեմ»,-ասաց դերասանը:

Սարգիս Գրիգորյանի համոզմամբ՝ եթե ուզում ենք նորմալ պետություն, պետականություն ունենալ ուրեմն պիտի հարկեր վճարենք, դա նորմալ է: «Բայց այստեղ մի ուրիշ բայց կա, մենք պետք է հասկանանք եւ հստակ պատկերացնենք, թե ինչ ենք տալիս պետությանը, ինչ ենք ակնկալում: Այս պահի դրությամբ իրենց պահանջը մի քիչ աղոտ ու անհասկանալի է: Անձամբ ես շատ հարցեր ունեմ, որ ուղղակի չեմ պատկերացնում, բայց հույս ունեմ, որ եթե այդքան լուրջ սկսել են զբաղվել, ուրեմն գիտեն, թե ինչ են ուզում եւ ինչ են տալու դրա դիմաց»,-ասաց դերասանը:

Սարգիս Գրիգորյանի պնդմամբ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչները խոցելի են, շատ հարցերում միշտ առաջին շարքերում. «Պետք է այնպիսի մեխանիզմով իրականացնեն, որ մարդիկ չխուսափեն, եթե շատ դնեն հարկերը, մարդիկ ստիպված կխաբեն: Քյասիբ երկրում չեն կարող շատ հարկեր դնել, պիտի տրամաբանական թիվ դնեն, որ մարդիկ մուծեն եւ ոչ մի դեպքում խուսափելու եզրեր ման չգան»,-ասաց նա:

Դերասանը նշեց, որ նախքան հայտարարգրվելը՝ ՊԵԿ-ից սպասում է որոշակի հստակեցումների եւ պարզաբանումների. «Նրանք պետք է մեզ համար մշակեն մի ծրագիր, որ կարդանք, հասկանանք: Ես ինքս բազմաթիվ հարցեր ունեմ, իմ եւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու համար ոչ մի հարց չպիտի անհասկանալի լինի: Պետք է իմանանք՝ հետագայում մեր թոշակի, ստաժի վրա այդ ամենն ինչպես է անդրադառնալու»:

«Հայկական ժամանակ»-ը ՊԵԿ-ից հետաքրքրվեց, թե հունիսից հետո որեւէ ակնհայտ փոփոխություն նկատվե՞լ է շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերելու գործում: Օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ կապված կոշտ գործողություններ են սկսել: Եվ որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական՝ յուրաքանչյուրի վարքագիծը գնահատվելու է առանձին եւ յուրաքանչյուրն անձնական նամակով հրավիրվելու է ՊԵԿ՝ քննարկումների:

ՊԵԿ-ից մեզ տեղեկացրեցին, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայի համաձայն` ներկայումս հարկային մարմնին հայտնի անուն-ազգանուն ունեցող եւ «Ստեղծագործական գործունեությամբ» զբաղվող թվով երկու տասնյակից ավելի քաղաքացիներ են սկսել հարկեր վճարել: «Սա շարունակական պրոցես է, որն իրականացվում է հարկային մարմնի կողմից: Ուսումնասիրություններ են իրականացվում, եւ տարվում են աշխատանքներ՝ հարկման դաշտ բերելու բոլոր այն մարդկանց, որոնք ունեն վճարվող եկամուտներ»,- հայտնեցին ՊԵկ-ից:

Միաժամանակ տեղեկացրին, որ հարկային մարմնի կողմից հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի համատարած եւ ճիշտ կիրառության ապահովմանը ուղղված  գործողությունների ժամկետները ՀՀ օրենսդրությամբ սահմանափակված չեն եւ, հետևաբար, այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ:

աղբյուրը՝  ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ