Կառավարության հուլիսի 11-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ճանապարհատրանսպորտային ողբերգական վթարների խնդրին։
Նրա խոսքով՝ Ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը հետևյալն է՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար չարամիտ խախտումներ են թույլ տալիս, նրանք պետք է երթևեկությունից հեռացվեն։
Նախագիծն արդեն Ազգային ժողովում է, և ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք է հնարավորինս շուտ այդ նախագիծը հաստատել։
«Պարոն Օսիպյան, մենք հիմա պետք է արձանագրենք, որ երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի վերահսկողություն։ Այսօր ՀՀ-ում, հատկապես 2018-19 թվականներին ՀՀ-ում մեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել։ Այսօր աներևակայելի թվով մեքենա կա ՀՀ-ում, և մեծ ծավալով ներկրումները շարունակվում են։
Դա իր հերթին բերում է մարտահրավերների առաջացման։ Եվ այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հետևյալը՝ ոստիկանությունն ամենակոշտ մեթոդները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ։ Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այստեղ ոչ մի հանդուրժողականություն չի կարող լինել, որովհետև հարցը մեր հայրենակիցների կյանքի ու առողջության մասին է», ոստիկանապետին դիմեց Նիկոլ Փաշինյանը։