«Վճարում եմ հարկերը, ես ուզում եմ ապրել օրենքով երկրում». Ռաֆայել Երանոսյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանը վճարում է հարկերը ու կարծում է, որ ապագայում այդպես կվարվեն նաեւ նրանք, ովքեր հիմա չեն վճարում: Այս մասին նա նշեց armtimes.com-ի հետ զրույցում: Վերջին շրջանում կրկին ակտիվացել են շոու-բիզնեսի ներկայացուցիչների՝ հարկեր վճարել-չվճարելու վերաբերյալ խոսակցությունները:

Երեկ՝ հուլիսի 9-ին էլ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ հունիսից հարկեր վճարելու համար երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ են սկսվել: Մասնավորապես ՊԵԿ-ը գնահատում է ամեն երգչի վարքագիծը եւ յուրաքանչյուրին անձնական նամակով հրավիրելու է ՊԵԿ՝ քննարկումների: Երանոսյանը, որը հանդես է գալիս ստենդ-ափ ներկայացումներով, աշխատում է որպես հանդիսավար, մասնակցում է հեռուստանախագծերի, ընդգծում է, որ ցանկանում է ապրել օրենքով երկրում:

«Ես պետությանը վճարում եմ իմ հարկերը, ես ուզում եմ ապրել օրենքով երկրում: Իմ ընկերների մեջ, ովքեր կան, անկեղծ վճարում են, իսկ ովքեր չեն վճարում, ինձ թվում է՝ կգա ժամանակը, նրանք էլ կվճարեն: Իմ եւ իմ ընկերների անունից, որոնց հետ շփվում եմ, կարող եմ ասել, իսկ մնացածը թե ինչու չեն վճարում, երբ կվճարեն, անկեղծ չգիտեմ: Համենայնդեպս իմ շրջանակներում, իմ ընկերները վճարում են բոլորը»,- ասաց նա:

Այն պահից ի վեր, ինչ ՊԵԿ-ը հորդորել է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հարկեր վճարել, իրենց եկամուտները հայտարարագրելու մասին հայտարարել են մի քանի երգիչներ: Նրանց թվում են Արամեն, Սարոն, Մարտի Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Մհեր Արմենիան եւ Սպիտակցի Հայկոն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ