«Դուք պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեք մեր ժողովրդից». Արցախցի իրավապաշտպանը՝ Փաշինյանին

Որպես Արցախի Հանրապետության քաղաքացի՝ երբևիցե չեմ մտածել, որ Հայաստանի ղեկավարը կարող է Լեռնային Ղարաբաղի հանդեպ ցուցաբերել այնպիսի կատաղություն, որը տեղի է ունենում այսօր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը:

«Հայաստանի ոչ մի ղեկավար, ոչ մի պաշտոնատար անձ երբևիցե իրեն թույլ չի տվել արցախյան ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչների նկատմամբ դրսևորել նման անհիմն հրապարակային գործողություններ: Ո՞վ է Ձեզ թույլ տվել պարոն վարչապետի պաշտոնակատար, առաջնորդին ոչ վայել ձևով, արտահայտվել բարեկամ պետության ղեկավարների մասին:

Մեր թշնամի երկրի ղեկավարը նույնիսկ նման բան իրեն թույլ չի տալիս: Մի մոռացեք, որ մեր ժողովուրդն է ընտրել մեր Նախագահին, և պետական իշխանության մարմինները մրցակցային մակարդակի վրա են գտնվում: Ես ներկայացնում եմ Արցախի ժողովրդի մի մեծ մասի կարծիքը, ովքեր վրդովված են Ձեր պահվածքով և պահանջում են Ձեզանից իմանալ Ձեր տեղը և որտեղ են ավարտվում Ձեր լիազորությունները:

Դուք պարտավոր եք հրապարակայնորեն մեր ժողովրդից ներողություն խնդրել հասցրած վիրավորանքների և ազգային անվտանգության մակարդակի իջեցման համար: Հանդիսանալով թավշյա հեղափոխությունը Արցախում քարոզող ամենաակտիվ անձանցից մեկը՝ այս մի քանի օրերի ընթացքում, տարված լինելով նախընտրական քարոզչությամբ, դուք այնպես արեցիք, որ ինձ նմանները սկսեցին երես թեքել Ձեզանից և սիրո հեղափոխության գաղափարներից:

Ձեր բերանից սիրո և հանդուրժողականության գաղափարախոսության փոխարեն հնչում է միայն ատելություն այն բոլորի հանդեպ, ովքեր ինչ-որ հարցում Ձեզ հետ համաձայն չեն: Եղեք հանդուրժող և հետևեք ապրիլյան հեղափոխության ոգուն: Ինչ վերաբերվում է Արցախի ճակատագրին, իմացեք, որ մենք ինքներս ենք որոշելու ինչպես ապրել, ում ընտրել և պաշտել: Եվ Աստված չարասցե, որ ինչ-որ մեկը փորձի դրսից միջամտել և թելադրել մեզ ինչպես ապրել: Շարունակում եմ մնալ ապրիլյան թավշյա հեղափոխության կողմնակիցը, Ձեր՝ Կարեն Օհանջանյան»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ