«Բջջային կապի ինքնարժեքը կնվազի»․ Ալեն Սիմոնյան

Հրապարակ-ը գրում է.

Շարժական կապի մատուցման երկու օպերատորներ՝ «Յուքոմ» և «ՎԵՈՆ Արմենիա» (ներկայացնում է «Բիլայն»-ը) ամիսներ առաջ դիմել էին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին՝ բարձրաձայնելով հեռահաղորդակցության ոլորտում որոշ իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին։ Մասնավորապես, որ մրցակցային անհավասար պայմաններում են, քանի որ մի երրորդ ընկերություն շատ ավելի բարենպաստ պայմաններում է գտնվում։ Ալեն Սիմոնյանը սկսել է զբաղվել խնդրով և շուրջ 6-ամսյա հանդիպումների ու քննարկումների արդյունքում թեման փոխանցել կառավարությանը, որն էլ վերջակետ է դրել հարցին։

«Հրապարակի» հետ զրույցում Ալեն Սիմոնյանը մանրամասնեց, թե խոսքն ինչ վերջակետի ու իրավակարգավորումների մասին է։

«Վերջնակետն այն էր, որ երեք կազմակերպությունները համաձայնության են եկել հեռախոսային խոսակցության ինքնարժեքի կարգավորման և նախնական իջեցման հարցի շուրջ, ինչը շատ կարևոր է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ Նրա մեկնաբանությամբ՝ հետևանքը լինելու է երեք օպերատորների միջև մրցակցության բարձրացումը։ Ինչպես նաև որպես հետևանք՝ բաժանորդների համար ավելի լավ պայմանների առաջարկը։ «Եվ ինչու ոչ, գների իջեցումը հեռախոսակապի և կապի ոլորտում ծառայությունների համար»,-ավելացնում է Ալեն Սիմոնյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի որոշմամբ՝  հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական և ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվող փոխկապակցման ծառայությունների վճարները մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար սահմանված էին 8,4 դրամ, իսկ 2019 դրանից հետո՝ 7,4 դրամ՝ առանց ԱԱՀ-ի։

Մեկնաբանություն ստացանք նաև ՀԾԿՀ հանձնաժողովից, ներկայացրեցին նաև հարցի նախապատմությունը։ Մասնավորապես, 2009 թվականից հանձնաժողովը և օպերատորները փորձել են գնալ շարժական կապի օպերատորների ընդհանուր համաձայնությամբ փոխկապակցման ծառայությունների վերջնավորման վճարների աստիճանական նվազեցման սկզբունքի կիրառմանը, որի արդյունքում 2018 թվականին մշակվել էր որոշման նախագիծ, որի համաձայն՝ նախատեսվում էր 2019 թվականի հուլիսի 1-ից 1-ական դրամով նվազեցնել շարժական կապի ցանցերի միջև վերջնավորման վճարները՝ արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից սահմանելով 5,4 դրամ՝ առանց ԱԱՀ-ի։ Սակայն այն ժամանակ որոշման նախագծի վերաբերյալ օպերատորների միջև համաձայնություն ձեռք չէր բերվել։

աղբյուրը՝  hraparak.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ