Ցուցարարները ջրով լի բաժակներ են նետում, հայկական պատվիրակության անդամները հյուրանոցում են

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ վրացի պատգամավորներ դադարեցրել էին համաժողովի աշխատանքները և պահանջում էին ռուս պատվիրակների հրաժարականը, հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը:

Իվետա Տոնոյանը  զրույցում հայտնեց, որ համաժողովը սկսվել էր բնականոն և աշխատանքային օրակարգը սկսելուց մոտ 1,5 ժամ հետո Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ցուցարարների ուղեկցությամբ բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի միջանցքում:

«Ռուսաստանի պատվիրակությունը իրականացնում է նախագահությունը, բողոքի ակցիան դրանից հետո տեղափոխվեց նիստերի դահլիճ, նախագահության հատվածը շրջափակեցին և մոտ 1 ժամ պարալիզացված էին նիստի աշխատանքները: Ցուցարարները ջրով լի բաժակներ էին դահլիճի ուղղությամբ նետում, ինչպես նաև վանկարկում էին, որ Ռուսաստանը հեռանա»,- մանրամասներ հաղորդեց Իվետա Տոնոյանը:

Իվետա Տոնոյանը նշեց, որ հավանաբար համաժողովն իր աշխատանքները կշարունակի վաղը, իսկ այժմ 23 երկրների պատվիրակությունները վերադարձել են հյուրանոց, սակայն այս պահին բազմաթիվ ցուցարարներ «Ռեդիսոն» հյուրանոցի մուտքի առջև բողոքի ակցիա են իրականացնում:

Պատվիրակության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այնպես չէ, որ հայկական պատվիրակությունը միայնակ դուրս է եկել, այլ որոշում է կայացվել, և բոլոր պատվիրակությունները միաժամանակ դուրս են եկել Վրաստանի խորհրդարանից:

«Այնպես չէ, որ մենք առանձին ենք դուրս եկել, մենք դուրս եկանք բոլորի հետ:Ցուցարարները հիմանականում Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն էին, նրանք պահանջում էին, որ ռուսերեն լեզվով խոսք չհնչի: Կային մարդիկ, որ շատ ագրեսիվ էին, էստոնիայի պատվիրակի վրա ցանկանում էին ջուր շփել, նա էլ տարիքով մարդ էր, վերջին պահին հասցրեց ցուցանակը բարձրացնել, որ տեսնեն` ռուս չէ. սլավոնական արտաքին ուներ և նման էր ռուսի»:

Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ հայկական պատվիրակությունը իրեն պահում էր հնարավորինս չեզոք և հետևողի դերում էր:

Posted by Iveta Tonoyan on Thursday, June 20, 2019

Posted by Iveta Tonoyan on Thursday, June 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ