Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության դիրքորոշումն այն է, որ Մարտի 1-ի քրեական գործի քննության այս փուլում անհրաժեշտություն կա, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Մեր դիրքորոշումն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ: Եվ մենք բերում ենք մեր հիմնավորումները, որոնք վկայում են, որ քննության այս փուլում կա անհրաժեշտություն, որպեսզի երկրորդ նախագահը գտնվի կալանքի տակ: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, կարծում եմ, դա գիտի միայն դատարանը»,- ասաց Արթուր Դավթյանը:
Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը, որով բեկանվեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկվեց Վերաքննիչ դատարան նոր քննության՝ Արթուր Դավթյանը մանրամասնեց, թե այդ որոշմամբ Վճռաբեկ դատարանը ինչ հարցի պատասխան է տվել:
«Հիշում ե՞ք ամենահիմնական լայն շրջանակներում քննարկվող հարցն այն է, թե ի վերջո նախագահը անձեռնմխելիությամբ օժտվա՞ծ է պաշտոնավարումից հետո, թե՞ ոչ: Եվ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, համաձայն լինելով իմ կողմից բերված բողոքի փաստարկներին, հավաստեց, որ այստեղ էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե նրան մեղսագրվող արարքը դիտարկվում է նրա կարգավիճակից բխո՞ղ, թե՞ կարգավիճակից չբխող: Եվ ամենակարևորը՝ արդեն բեկանելով Վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը և դրանով Վերաքննիչ դատարանի այն մոտեցումը, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը փաստորեն օժտված է անձեռնմխելիությամբ, իսկ նրան մեղսագրված արարքները Վերաքննիչ դատարանը դիտարկել էր որպես նախագահի գործառույթներից բխող, Վճռաբեկ դատարանը հստակ պատասխան տվեց, որ գործառույթներից բխող լինելու հանգամանքը միայն ֆորմալ տեսանկյունից չպետք է դիտարկել: Այսինքն, օրինակ` համապատասխան իրավական ակտ ընդունելու լիազորություն, իրավունք նախագահն ունի՞, թե՞ ոչ, այլ պետք է դիտարկել, թե բովանդակային առումով լիազորության իրացումը լիարժեք համապատասխանե՞լ է Սահմանադրությանը կամ օրենքներին»,- ասաց Դավթյանը: