«Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից այս թեմայով ես զբաղվել եմ։ Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի ներգրավմամբ։ Այս տարվա փետրվարին պարզվել է, որ պոչամբարի ամբարտակի հետ կապված խնդիր կա, այս պայմաններում հանքավայրի աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ է եղել դրա վերականգնումը։
Այդ հանգամանքով պայմանավորված՝ փորձել են նոր վարկ վերցնել ու զուգահեռ չեն կարողացել սպասարկել վարկը։ Այդ ընթացքում նաև չեն կարողացել ամբարտակը վերականգնելու համար նոր վարկ վերցնել, որովհետև և՛ Թեղուտը, և՛ պղնձաձուլական գործարանը գրավ են դրված եղել բանկից վերցված նախորդ վարկի դիմաց։
Արդյունքում՝ կառավարությունը հրավիրել է և ՎՏԲ-ին և «Վալեքս»-ին, ու ասել՝ բանակցեք ու գտեք լուծում։ Արդյունքում՝ Թեղուտի հանքավայրն անցել է բանկի հսկողության ներքո։ Մենք պարտավորություն ենք դրել բանկի վրա՝ ներգրավելու նոր օպերատոր, ով կաշխատացնի այդ հանքավայրը։ Հիմա մեր հայրենակից, ռուսաստանահայ Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը։
Մենք մի պայման ենք դրել ու խնդիր ենք առաջադրել Պետրոսյանին, որպեսզի Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ, եթե պատմությունը երկարի, պղնձաձուլարանի աշխատակիցներին աշխատանքի վերցնեն Թեղուտում»,- նշեց Փաշինյանը։