Հանրային հեռուստաընկերության նախընտրական եթերը Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի օրերին Հանրային հեռուստատեսության եթերում կլինեն ամենօրյա հարցազրույցներ քաղաքական առաջնորդների հետ, ինչպես նաև բանավեճի ձևաչափով հաղորդումներ՝ քաղաքական ուժերի ծրագրերը հանրությանն ավելի մանրամասն ու հասանելի ներկայացնելու համար:
Համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությունը կտրամադրի հավասար պայմաններով եթերաժամ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանումը Հանրային հեռուստաընկերությունը կիրականացնի հետևյալ հարթակներով՝ Լրատվական ծառայություն, Նախընտրական բանավեճ, «Այսօր իրականում», Նախընտրական մեծ բանավեճ լիդերների մասնակցությամբ և «Խաղի կաննոններ»:
Ամեն օր 4 քաղաքական ուժ կբանավիճի Հանրային հեռուստաընկերության նախատեսած թեմաների շուրջ՝ կրթություն և մշակույթ, սոցիալ- տնտեսական քաղաքականություն (հարկային քաղաքականություն, բյուջետային միջոցների կարգավորում, տնտեսական զարգացում) և առողջապահություն, կոռուպցիա, ներքին քաղաքականություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորում, անվտանգություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Բոլոր ուժերը քարոզարշավի ընթացքում 3-4 անգամ կմասնակցեն բանավեճի։ Նախընտրական բանավեճի մոդերատորներն են Պետրոս Ղազարյանն ու Արաքսյա Թադևոսյանը: