Բակո Սահակյանը միայն ու միայն «պարային խմբի» դիրիժորն է, իսկ տեսանելի գեղարվեստական ղեկավարը մեղադրյալի աթոռին հայտնված Ռոբերտ Քոչարյանն է

Լրագրող, վերլուծաբան Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Փաշինյանի սպառիչ հայտարարությունը․ Ով է պարային խմբի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր միանգամայն սպառիչ հայտարարություն արեց պետության դեմ դավադրություն իրականացնողների, պատերազմ հրահրողների ով լինելու վերաբերյալ: «Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումներ եմ ունեցել և ներկայացրել եմ Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը։ Եվ հետաքրքրվել եմ՝ իմ առաջարկած տեսլականի հետ կապված պրիտենզիաներ կա՞ն, համաձա՞յն են էս տեսլականի հետ, թե՞ համաձայն չեն։

Եվ պարզվել է, որ բոլորը համաձայն են դրա հետ։ Եվ երբ որ դրանից հետո էդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ էս կառավարությունը հողեր ա ծախում, իմ մոտ հարց ա առաջանում՝ ես էս մարդու հետ գաղտնիության պայմաններում նստել ու խոսել եմ, թե ինչ պայմաններով պետք է գնանք առաջ։ Եթե էս մարդը դուրս ա գալիս, որ իր օգնականին ասում ա՝ գնա Ֆեյսբուքում գրի, որ Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա դա անում, եթե ինքը հարյուր տոկոսով գիտի, թե ինչ ա կատարվում։

Ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ ա կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դավադիր խմբի հայտնի պարի կատարումը տեղի էր ունեցել մայիսի 9-ին Արցախում, տոնական միջոցառումների ժամանակ: Կարծում եմ առանձնակի ուշադրության է արժանի Փաշինյանի հայտարարության ՀՀ իշխանության ղեկին եղած պարի ընկերոջ մասով հատվածը:

Այստեղ ամենևին էական չէ, թե պարողներից կոնկրետ ում նկատի ուներ ՀՀ վարչապետը: Ակնհայտ և հստակ է մի բան, գոյություն ունի «պարային» խումբ, որն ունի «դիրիժոր» ի դեմս Արցախի նախագահ Բակո Սահակյանի:


Կարծում եմ պարզ է նաև, որ առանց նախագահի «դաբրոյի» Արցախի իշխանության մաս կազմող պարային խմբի անդամը կամ անդամները չէի համարձակվի խոսել հողեր հանձնելու կամ ՀՀ իշխանությունների ապազգային լինելու մասին:
Ավելին, Բակո Սահակյանը թև ու թիկունք է իր պարային ընկերներին, հայտարարելով, որ եթե լինեն դավադիր տարրեր իրենք կբացահայտեն դրանք:

«Ինչի՞ համար ա դա անում», — ասում էր Փաշինյանը: Հարցի պատասխանը ՀՀ վարչապետը տվել էր դեռևս մայիսի 20-ի իր հայտնի ելութում, մասնավորապես ասելով․ «Այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

Այսինքն դավադրության նպատակը հաղթանակած հասարակության նկատմամբ ռևանշի հասնելն է, որի համար քոշարյանասերժական խմբավորումը պատրաստ է ցանկացած ապազգային գործողության:

Այստեղից պարզ է դառնում, որ Բակո Սահակյանը միայն ու միայն «պարային խմբի» դիրիժորն է, իսկ տեսենալի գեղարվեստական ղեկավարը մեղադրյալի աթոռին հայտնված Ռոբերտ Քոչարյանն է:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ