![]()
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը, որը համակարգում է ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման ծրագրով համաձայն չէ այն գնահատականներին հետ, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագիրը ձախողվել է։ Ասաց՝ 1020 ընտանիք ստացել է հավաստագիր, որոնցից 115-ն իրացրել է դրանք։
Անդրադառնալով հավաստագրով տրամադրվող գումարի չափին Ղարագյոզյանն ասաց, որ չի կարող Երևանը խրախուսվել՝ որպես բնակավայր․ մարդկանց ուղղորդելու են մարզեր։ 452 բնակավայրի դեպքում բնակարան ձեռք բերելու համար աջակցությունը կազմում է 4 մլն դրամ յուրաքանչյուր մարդու հաշվարկով։ Սա բավական է այդ համայնքներում բնակարան ձեռք բերելու համար։
Այն քաղաքացինեը, որոնք Երևանում են ապրում, աշխատանք են գտել, ապա կարող են ֆինանսական մասնակցություն ունենալ ու բնակարան գնել Երևանում։ «Եթե ապավինում եք բացառապես սուբսիդավորմանը, ապա մեծ ընտանիքների դեպքում Երևանի ծայրամասային թաղամասերում ևս հնարավոր է ձեռք բերել անշարժ գույք, եթե ոչ՝ առաջարկում ենք մարզային բնակավայրերի տարբերակը», — ասաց Ղարագյոզյանը։
Նշեց նաև, որ խոսակցությունները, թե հավելյալ վարկ տրամադրելու համար բանկերը պահանջում են լրացուցիչ երաշխիքներ, այլ գրավ ևս իրականությանը չի համապատասխանում։ «Վարկը մեկն է, որն ունի մեկ գրավ՝ այսինքն այն գույքը, որը ձեռք է բերվում հավաստագրով։ Պարզապես ունենում ենք վճարման երկու ժամանակացույց՝ պետության մաս և քաղաքացու մաս։ Բայց վարկը մեկն է, որն ունի գրավի մեկ առարկա, որը գույքն է, որը ձեռք է բերվում հավաստագրով», — ասաց նախարարության ներկայացուցիչն ու հավելեց․ «բնակապահովման ծրագիրը ՀՀ պատմության մեջ առաջին և միակ այս ծավալի բնակապահովման ծրագիրն է թե՛ շահառուների թվի առումով, թե՛ բյուջեի»։
Մանրամասն՝ տեսանյութում
![]()