«Հնարավոր է երազին Վանգային է տեսել». ռեստորանի տնօրենը` պատգամավորի հետ միջադեպի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքում գրել էր, որ երեկ ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար միջադեպ է տեղի ունեցել իր և «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի տնօրեն Ռազմիկ Աբգարյանի միջև, ինչից հետո ոստիկանություն են գնացել և պարզաբանում տվել։

ArmDaily.am-ը միջադեպի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց Ռազմիկ Աբգարյանին, ով նախ մեզանից ճշտեց, թե ով է Արման Եղոյանը, ապա իմանալով, որ պատգամավոր է խնդրեց, որ պարզաբանում ստանանք հենց իրենից։

Մեր այն դիտարկմանը, որ Եղոյանն արդեն անդրադարձել է միջադեպին, նա նշեց, որ որևէ միջադեպ տեղի չի ունեցել. «Միջադեպ որ չի եղել ինչին անդրադառնամ, ես ոչ գիտեմ Արման Եղոյանը ով է, ոչ էլ առաջ իրեն ճանաչել եմ»։

Հարցին՝ հերքում եք, որ նման միջադեպ է տեղի ունեցել՝ Աբգարյանը պատասխանեց. «Միջադեպ պետք է եղած լինի, որ հերքեմ կամ հաստատեմ։ Որ լինի, կասեմ եղել է, որ չլինի՝ կասեմ չի եղել։ Ես ոնց կարող եմ մարդուն հարգանքի արժանացնելով սեռական բնույթի հայհոյանքներ տալ։ Էդ մարդը (խմբ. Արման Եղոյանը) հնարավոր է երազ է տեսել, կամ Վանգան է եկել իր երազին, չգիտեմ ինչի մասին է խոսքը»։

Ճշտող հարցին՝ չի եղել քաղաքացի, որ ձեզանից ՀԴՄ կտրոն է պահանջել՝ նա պատասխանեց, որ ՀԴՄ կարող է պահանջել միայն հարկային մարմինը, դիտարկմանը, եթե հիմա մենք գանք Ձեր ռեստորան, վերջում ՀԴՄ պահանջելու իրավունք ունե՞նք, թե ՝ ոչ՝ նա նշեց. «Պահանջելու իրավունք ունեք, եթե չտամ գլուխս պիտի ջարդեք»։

Մի քանի անգամ նույն հարցը կրկնելուց հետո՝ եղել է միջադեպ թե ոչ՝ նա նշեց՝ միջադեպ չի եղել, իրենք ոստիկանությունում չեն եղել։

Աղբյուրը՝  ArmDaily
 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ