![]()
Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, մարտի 30-ին նախատեսված ավագանու ընտրություններին մասնակցելու է 9 քաղաքական ուժ։ Ընտրապայքարը մոտենում է ավարտին և որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի է թեժանում պայքարը։ Ավելին, ընտրապայքարի մասնակից որոշ ուժեր նույնիսկ հատում են կարմիր գծերը, բարոյականության կարմիր գծերը։
Գյումրու քաղաքապետի ընտրությունը կարելի է ասել 2026 թվականի Ազգային Ժողովի ընտրության նախերգանքն է։ Այստեղ ընտրապայքարի մեջ մտած ուժերի մեծ մասն ինչ-որ առումով փոխկապակցված են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։ Սակայն Գյումրիում ընտրապայքարը վաղուց դուրս է եկել ներքաղաքական շրջանակից և արդեն ակնհայտ է դառնում, որ քաղաքական ուժերը փորձում են համայնքային ընտրությանը ավելի գլոբալ քաղաքական նշանակություն տալ։ Պատճառը թերևս մեկն է՝ նախկին իշխանությունների հետ փոխկապակցված թեկնածուներն ու քաղաքական ուժերը չեն թաքցնում, որ իրենց նպատակը գլոբալ առումով ոչ թե քաղաքային խնդիրների լուծումն է և քաղաքի արդյունավետ կառավարումը, այլ կենտրոնական իշխանության փոփոխությունը։ Այլ կերպ ասած Գյումրիով փորձում են վերցնել Երևանը։
Ի դեպ դա ամենակնհայտ ցույց են տալիս Սերժ Սարգսյանի փեսայի ընկերը, Ռոբերտ Քոչարյանի արբանյակ կուսակցության հովանավորչությունը վայելող թեկնածուն և Գյումրու օդիոզ նախկին քաղաքապետը։ Ի դեպ վերջինը ավելի է հեռուն է գնացել և հայտարարել է, որ սա «գեներալնի ռեպետիցիան է Բեռլինի գրավման»։
Ողբերգությունը կայանում է նաև նրանում, որ այդ ուժերը Գյումրիում փորձում են «Սրբազան պայքար 2» օպերացիան իրականացնել, բայց ոչ թե հանուն Գյումրու, այլ հանուն այլ երկրի շահերի։ Եվ պատահական չէ, որ թեկնածուներից ոմանք որպես իրենց երկրպագու հենց Ռուսաստանից են մարդ բերում Հայաստանի դեմ, իսկ մյուսն էլ խոսում է այսպես ասած Բեռլինը գրավելու, Շուշին և Արցախը հետ բերելու մասին։ Այլ կերպ ասած հերթական անգամ փորձ է արվում հասարակությանը ռազմահայրենասիրական պոպուլիզմով մոլորեցնել և երկիրը նորից մտցնել քաոսի մեջ։
Ձեռագիրը նույնն է։ Քաղաքական ուժերը Գյումրու քաղաքապետի ընտրապայքարն օգտագործում են հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու, ատելություն ու թշնամանք տարածելու համար։
Գյումրին հերթական անգամ դառնում է փորձաքար։ Այսօր Գյումրու փրկության և զարգացման մասին խոսում են մարդիկ, որոնք տասնամյակներով լինելով իշխանության ոչ թե բուժել, այլ ավելի են խորացրել քաղաքի վերքերը, նպաստելով արտագաղթին և սոցիալական վիճակի վատթարացմանը։
![]()